Araratnews.am-ի լրագրողը Հայաստանի սոցիալական վիճակից, քաղաքական վերջին զարգացումների մասին զրուցել է գյումրեցի 72- ամյա Անուշավան Ստեփանյանի հետ, ով մասնագիտությամբ դերձակ է:
-Անուշավան պապ, ինչքան էլ դուք ամեն օր նստած Ձեր աշխատասենյակում կար ու ձև եք անում, այնուամենայնիվ, համոզված եմ, որ քաջատեղյակ եք քաղաքացիների հոգսերին, սոցիալական խնդիրներին և քաղաքական դաշտում կատարվող անցուդարձին: Ի՞նչ ասելիք ունեք այս ամենի վերաբերյալ:
-Աղջիկ ջան, ոչ թե տեղյակ եմ էդ քո նշած խնդիրներին, այլ նաև դրանցից շատերի մեջ ես ապրում եմ հենց հիմա: Ունեմ բազմանդամ ընտանիք, որտեղից մենակ ես եմ աշխատում, իսկ տղաս գնացել է Մինսկ` արտագնա աշխատանքի, աղջիկս էլ ամուսնացել-գնացել՝ իրա համար ապրում է: Տանն ունեմ 4 թոռնիկ, որոնց կյանքիցս շատ եմ սիրում, բայց նեղվում եմ, որ իրիկունները գնում եմ տուն, ու իրանք ինձնից քաղցրավենիք կամ խաղալիք են պահանջում, բայց ես չեմ կարողանում առնել, կամ առնում եմ, բայց ոչ իրանց բոլոր ուզածները, քանի որ հասկանում եմ, որ եթե ես թոռներիս խաղալիք առնեմ, ապա ընտանիքս այդ օրը կզրկվի հացի փողից: Ամեն մի կոպեկը հաշված է էսօրվա օրով: Բայց ինչի՞ պիտի էսպես լիներ, սովետից դժգոհում են, բայց մի՞թե մենք էն ժամանակ նման խնդիր ունեինք:
Հիշում եմ, որ էդ ժամանակ, որ գործից տուն էինք վերադառնում՝ բոլորը փողոցում ուրախ էին, բոլորի դեմքին ժպիտ կար, իսկ հիմա բոլորի աչքերում մենակ տխրություն ու տանջանք կարելի է նկատել: Մարդկանց էսօր մի փոր հացի խնդիրը դարձրել է անտարբեր ու տխուր: Էսօր, ցանկացած ընտանիքի հայր մտածում է, թե ինչ անի, որ իրա երեխեն սոված չպառկի քնելու: Էդ է էսօր մարդկանց թիվ մեկ խնդիրը: Ոչ մեկը չի մտածում, թե ինչ անի, որ լավ շոր առնի հագնի, գնա հանգստանալու կամ ուրիշ ճոխ բաներ, մարդկանց համար հիմա նման ճոխությունները երազանք են դարձել: Ես, օրինակ, ինձ վերջին անգամ շոր առել եմ երկու տարի առաջ, բայց էնպես չէ, որ կարիք չունեմ, ուղղակի ի վիճակի չեմ գնելու: Իմ աշխատանքն էլ էնպիսին է, որ մի օր գործ կլինի, 5 օր չի լինի, չունեմ կայուն աշխատավարձ, օր կա 1000 դրամ եմ աշխատում, օր կա 4 հազար, օր էլ կա ընդհանրապես չեմ աշխատում: Ես էլ արդեն մեծացել եմ, առաջվանը չեմ։ Որ բարդ կար ու ձևի գործ է լինում հրաժարվում եմ, չեմ կարող էդքան երկար կար անել, աչքերս ցավում են: Դե էսքանից հետո, աղջիկ ջան, դու պատկերացրու, թե ինչ խնդիրներ ունեմ ես այսօր: Բայց ասեմ, որ լավատեսությունս էլի չեմ կորցրել, ես հավատում եմ, որ շատ շուտով ամեն ինչ իր տեղն է ընկնելու ու լավ է լինելու:
-Անուշավան պապ, գիտենք որ այսօր արտագաղթի թվերն օրեցօր աճում են, ի՞նչ եք կարծում, Ձեր նշած խնդիրնե՞րն են պատճառը արտագղթի այդպիսի պատկերի:
-Գիտես ինչ աղջիկ ջան, անշուշտ, իմ նշած խնդիրներն էլ են նպաստում դրան, բայց իմ կարծիքով դրանք չեն միակ պատճառները: Էսօր մարդիկ իշխանություններին չեն վստահում, ու շատերն էլ հենց թողնում-գնում եմ դրա համար, որովհետև մարդիկ չեն հավատում, որ դրանք առաջիկայում կհեռանանան իշխանությունից, ու չեն էլ հավատում, որ օրերից մի օր մի լավ բան կանեն ժողովրդի համար: Դրանք բոլորը սրիկաներ են, մենակ մտածում են, թե ոնց թալանեն մեզ նման բանվոր ժողովրդին: Բայց ինչքան կարելի է: Մենք էլ ենք չէ՞ մարդ, մենք էլ ենք ուզում մարդավարի ապրել, շատ բան չենք ուզում՝ գոնե շաբաթը երկու անգամ մարդավարի սնվենք, մսով ճաշ ուտենք: Հետո էլ ասում են՝ առողջ սերունդ մեծանա, ոնց մեծանա, երբ մեր սեփական իշխանությունները մարդկանց ցամաք հացի փող աշխատելու հնարավորություն են տալիս միայն: Ու հենց այս վստահության պակասն է դառնում արտագաղթի պատճառ: Ուֆֆ չգիտեմ, ինչքան խոսենք՝ ասելիք կա, դու էն ասա էլի ի՞նչ հարցեր ունես ինձ (ժպտում է):
-Այ, օրինակ, Հայսատանի` ՄՄ անդամակցությունը: Ձեր կարծիքով ճի՞շտ էր այս ճանապարհը:
-Էմմա ջան, որ ուզում ես իմանաս, մեզ ոչ մաքսայինն էր պետք, ոչ էլ եվրամիությունը: Ես էդպես եմ կարծում: Մաքսային միություն որ մտանք, դառնալու ենք ռուսին գերի, չնայած հիմա էլ ենք գերի, բայց այդ ժամանակ ավելի բեթար կլինի: Մենք պայքարել ու անկախացել ենք, որ սրա-նրա գերին չլինենք: Էս մի քան օր էլ խոսվում է առանց Ղարաբաղ ՄՄ մտնելու հարցը չէ՞: Ախր ո՞նց կարա էդպես բան լինել, Ղարաբաղը մեզնից ինչի՞ են անջատում էդ ապիկար իշխանությունները: Իրանց հարազատները չե՞ն զոհվել հանուն հայրենիքի: Դրանք ինչո՞վ են մտածում՝ գլխո՞վ թե ոտքերով: Կան մարդիկ, որ ամեն մի ստից բանի համար ակցիա են անում, փողոցներում միտնգներ են կազմակերպում, բա ինչի՞ են էս հարցի շուրջ բոլորը լռում: Իմ կարծիքով, այսօր դրանից կարևոր հարց չկա: Մթոմ համաձայն էինք ՄՄ մտնելու, մի հատ էլ առանց Ղարաբաղի՞: Եթե հարկի լինի, հավատացեք, ես էս տարիքիս հանուն Ղարաբաղի պատրաստ եմ դուրս գալ փողոց ու պայքարել, որ ՀՀ և ԼՂՀ բաժանում չլինի:
Հ.Գ.Անկեղծ ու պարզ մարդ էր զրուցակիցս ու պիտի խոստովանեմ, որ կրկնակի հաճելի էր ՀՀ քաղաքացուն հուզող հարցերի շուրջ խոսել հասարակ դերձակի, քան շատ ու շատ պաշտոնյաների հետ: Նաև նշեմ, որ Անուշավան պապը մեր զրույցի վերջում ինձ խնդրեց իր լուսանկարը չտեղադրել նյութի մեջ՝ «ծերացել, գեշացել եմ, հարկավոր չէ» պատճառաբանությամբ:
Էմմա Պալյան
Լուսանկարը` Մեդիամաքսի