Բանակը շահարկողները և մանիպուլյացիաներ իրականացնողները մոռանում են, որ այն մեր երկրի անվտանգության միակ երաշխավորն է:
Արդեն մի քանի տարի է, ինչ քաղաքացի Մխիթար Ալումյանը ընտրել է շանտաժի ճանապարհով ՊՆ-ից բնակարան, տուն և ֆինանսական աջակցություն ստանալու զինվորականին ոչ հարիր գործելաոճ:
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ իր հարցերը լուծելու համար Ալումյանն ընտրել է ամենակարճ ճանապարհը` բոյկոտ, հացադալ, ջրադուլ, ինչպես նաև լայվերով կամ մանիպուլյատոր այլ ճանապարհներով իր նպատակներին հասնելու էժանագին ծրագրեր:
Իսկ սրան հակառակ ՊՆ-ն պարբերաբար աջակցել է Ալումյանին:
Հիմա կետ առ կետ կներկայացնենք, թե ինչի մասին է խոսքը:
ՀՀ ՊՆ N զորամասի նախկին զինծառայող, ավագ Մխիթար Վյաչեսլավի Ալումյանը 1998-2011 թթ․ ծառայել է ՀՀ ոստիկանությունում, իսկ 2012-2017 թթ․՝ զինված ուժերում։
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ նա ընդգրկված չէ ՀՀ ՊՆ համակարգի բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողների հերթացուցակում և մինչև 2017 թ․ դեկտեմբերի 16-ը ուժի մեջ գտնվող՝ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում բնակարանային հաշվառման ընդգրկվելու վերաբերյալ զեկուցագիր ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողով ևս չի ներկայացրել։
Այստեղ պետք է ընդգծել, որ պաշտպանության նախարարության կողմից զինծառայողի բնակարանային ապահովման հարցը կարող է քննարկվել միայն այն դեպքում, եթե նա ծառայության ընթացքում ընդգրկված է եղել բնակարանային հաշվառման մեջ։ Միաժամանակ տեղեկացնենք, որ 2017 թ․ դեկտեմբերի 16-ից հետո ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում այլևս չի իրականացվում զինծառայողներին բնակարանային հաշվառման ընդգրկելու գործառույթ:
Բազմիցս Ալումյանն ասել է, թե, իբր, 2019 թվականին ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների հորդորով քանդել է տան բոլոր սենյակները` ՀՀ ՊՆ բյուջեի միջոցներով նոր տուն կառուցելու խոստմամբ:
Մեր տեղեկություննների համաձայն, այս պնդումը իրականությանը չի համապատասխանում:
Մենք տեղեկություններ ունենք, որ Ալումյանը մեծ տուն ունի, որը սեփականաշնորհել է պաշտպանության նախարարի միջնորդությամբ:
Պետք է նշել նաև, որ 2015 թվականին երեխաների բուժման նպատակով նրան հատկացվել է 10 հազար եվրոյին համարժեք դրամ ֆինանսական օգնություն (հատկացված դրամական օգնությունները 02.12.2014 թ․՝ 100. 000 դրամ, 03.06.2015 թ.՝ 270. 000 դրամ, 30.07.2015 թ.․՝ 10. 000 եվրո, 19.09.2015 թ.՝ 500.000 դրամ): Վերջինիս կողմից ՊՆ-ից ստացած ֆինանսական օժանդակության այս տվյալները բազմիցս հայտարարվել են և հրապարակվել:
2018 թ. վերջից Մ․ Ալումյանը մշտապես ներկայանում է ՊՆ վարչական համալիրի հսկիչ անցագրային կետ՝ պահանջելով կազմակերպել իր և ընտանիքի անդամների տեղափոխումը Գերմանիա, նաև՝ պարտքերի մարման համար ֆինանսական օգնության և այլ հարցերով։
Մեր տեղեկություններով, ՊՆ-ի և Ոստիկանության աշխատակիցները մշտապես փորձել են աջակցել նրան աշխատանքի տեղավորման հարցով: Աշխատանքի տեղավորման համար Ալումյանին առաջարկվել են տարբերակներ, որոնցից որոշ դեպքերում նա է հրաժարվել՝ ամենատարբեր պատճառաբանություններով, իսկ որոշ դեպքերում՝ ճանաչելով վերջինիս, գործատուն է հրաժարվել ընդունել նրան աշխատանքի։
Նմանօրինակ փաստերն ավելի շատ են: Եվ պետք է ուշադրություն դարձնենք այն գլխավոր հանգամանքին, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը իրավական առումով որևէ պարտավորվածություն չունի Մ․ Ալումյանին մշտապես օգնություն ցուցաբերելու հարցում։
Նման ճանապարհով գնացող մարդիկ փորձում են թիրախավորել բանակը`փորձելով սևացնել վերջինիս համբավը: Իսկ փաստերն այլ բան են ասում…
Հ.Մ.