Շանթ Հարությունյանը դադարեցրել է հացադուլը, սակայն ոգով անկոտրում է եւ շարունակելու է պայքարը,- այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը:
Այսօր առավոտյան նա այցելել է Շանթ Հարությունյանինˋ տեղեկանալու նրա առողջական վիճակի մասին:
«Իմ հորդորներն էին, որ դադարեցնի հացադուլը, քանի որ նրա առողջական վիճակը շատ ծանր էր: Այսօր` շուրջ մեկ ժամից ավելի, սպասում էի, որ տեսակցեի նրան, շատ վատ վիճակում էր, ուշաթափություն էր ունեցել: Բացի այդ, հացադուլը վերջացնելուց հետո դիետիկի փոխարեն սովորական սնունդ էին առաջարկել, ձու են տվել: Այժմ բժշկական միջոցառումները շարունակվում են»,- ասում է Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը շուրջ 17 օր հացադուլ էր անցկացնումˋ պահանջելով վերացնել իր հարազատների հետ տեսակցությունների արգելանքը:
Ինեսա Պետրոսյանը նշեց, որ հունվարի 8-ին ինքը նաեւ դիմել է Վերաքննիչ դատարան՝ Շանթ Հարությունյանի խափանման միջոց կալանքը վերացնելու եւ քննիչի միջնորդությունը մերժելու համար: Ներկայացվելու է նաեւ բացարկ, որպեսզի գործի վարույթը տեղափոխվի այլ դատական մարմիններ:
«Եթե տուժողը ոստիկանությունն է, մի դեպքում սադրում են ոստիկանի աշխատակցի նկատմամբ, մյուս դեպքում՝ քրեական գործը հարուցում են ու իրենք էլ քննում: Պաշտպանական կողմը բողոքարկել է նաեւ վարույթ իրականացնող քննչական խմբի դեմ: Ինձ պաշտոնապես, գրավոր դեռ չեն ծանոթացրել դատաբժշկական եզրակացությանը, սակայն հեռախոսով, բանավոր կերպով ասել են, որ Շանթ Հարությունյանին ճանաչել են մեղսունակ»,- ասում է Ինեսա Պետրոսյանը:
Նա հավելում է, որ դեռեւս մտադիր չեն հանել տեսակցությունների արգելանքը, եւ սա համարում է հաշվերհարդար Շանթ Հարությունյանի նկատմամբ:
«Մարտի 1-ին, երբ կային 10 զոհեր, տեսակցությունները արգելել էին 3-4 շաբաթ, իսկ այժմ արդեն երեք ամիս է, թույլ չեն տալիս նրան տեսակցել հարազատներին»,- հավելում է Պետրոսյանը:
Լիլիթ Առաքելյան