տուն Լուրեր Շանթը նախընտրեց բանտը, քան արտագաղթը. Ա. Սաքունց

Շանթը նախընտրեց բանտը, քան արտագաղթը. Ա. Սաքունց

261
0

saqunccc

Շանթ Հարությունյանն իր երեկվա գործողություններով ցույց տվեց Հայաստանում առկա իրավիճակի ամբողջ լրջությունը. այս կարծիքին է Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ նկատելով, որ իշխանությունը Մաշտոցի պողոտայում երեկ տեղի ունեցած միջադեպի ժամանակ հերթական անգամ օգտագործեց սադրիչներին:

«Շանթն ասաց՝ ոչ, մենք չենք պատրաստվում հպատակվել: Հայաստանի Հանրապետությունում այսօր ստեղծվել է այնպիսի մի իրավիճակ, որ ամեն մի քաղաքացի ինքը պոտենցիալ Շանթ է: Ժամանակի ընթացքում այդ շանթերը կարող են դրսևորվել, և այդ շանթերի դեմ պայքարն ապօրինի մեթոդներով ոչ համարժեք է այսօրվա իրավիճակին, որն իշխանությունները ստեղծել են»,- Araratnews.am-ի հետ զրույցում նշել է Արթուր Սաքունցը:

Անդրադառնալով ոստիկանության այն հայտարարությանը, թե բախման ժամանակ ոստիկանների նկատմամբ բռնություններ են կիրառվել, Արթուր Սաքունցը նշել է. «Ոստիկանն ինչո՞ւ պետք է այնտեղ հայտնվի: Շանթ Հարությունյանը որևէ քաղաքացու նկատմամբ գործողությո՞ւն է մտադրված եղել կատարելու, ոչ: Ինքը հստակ ասել է՝ Բաղրամյան 26, որպես իշխանության խորհրդանիշ, իշխանության, որն ապօրինի է, իշխանության, որն օրենքից դուրս է: Ինչպե՞ս անենք, որ օրինական գործի»:

Իրավապաշտպանի խոսքով՝ երեկվա դեպքերի գնահատման համար առաջին հերթին պետք է հաշվի անել, թե Շանթ Հարությունյանն ի՞նչ հիմնավորմամբ է իրականացրել իր բողոքի ակցիան: «Ինքը պարզ ասում է, որ այդ ամենը պայմանավորված է նրանով, որ Հայաստանում ստեղծվել է համակարգ, որը նվաստացնում է մարդու արժանապատվությունը, սահմանափակում է ազատությունները, և ինքը՝ որպես ՀՀ քաղաքացի, այլևս չի կարող իրեն թույլ տալ ապրել նման նվաստացուցիչ պայմաններում: Կարծում եմ, որ գործողությունները գնահատելիս պետք է անպայման հաշվի առնել այդ հանգամանքը, որովհետև ոչ իրավական պետությունում, որտեղ օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքը, իրավունքի գերակայության սկզբունքը, սահմանադրական բոլոր նորմերը խախտվում են, նման պայմաններում քաղաքացու նկատմամբ օրենքի կիրառումը այն հիմնավորմամբ, որ կատարվել է հակաօրինական գործողություն, սոփեստություն է, կեղծիք»,- նշել է Արթուր Սաքունցը:

Նա մեր թղթակցի հետ զրույցում հիշեցրել է, որ Շանթ Հարությունյանը միշտ էլ մասնակցել է պայքարին, 2008 թվականի մարտի 1-ի դեպքերով ձերբակալվածներից է: Եվ  հիմա այդ համատեքստից կտրել երեկվա գործողությունները և գնահատել նրա գործողությունների իրավաչափությունը կամ համապատասխանությունն օրենսդրությանը, շատ ծիծաղելի կլինի և հակաօրինական:

«Օրենքը կիրառողներն իրենք արդեն իրենց օրենքից դուրս են դրել և որևէ հիմք չունեն այդ օրենքը կիրառելու Շանթ Հարությունյանի նկատմամբ»,- ընդգծել է նա: Իրավապաշտպանը հիշեցրել է, որ այս իշխանությունները բռնությամբ են իշխում, օրինականացնում են բռնություններն իրենց որոշումներով, իսկ այդ ապօրինի որոշումների դեմ մարդիկ չունեն որևէ իրավական մեխանիզմ, և երբ դրսևորում են իրենց բողոքը նման կերպ, իշխանությունները դա համարում են ապօրինի: Ըստ նրա՝ այդ ապօրինության դեմ այլ տարբերակ, քան ընդվզելը, չկա:

«Առանձին վերցնել ներկայացնել այն դրվագը, որ եղել են փայտեր, պայթուցիչներ, եղել է հասարակական կարգի խախտում կամ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություններ և դրանով սահմանափակել գործողությունների գնահատականը՝ առանց հաշվի առնելու այն իրավիճակը, որում այդ գործողություններն իրականացվել են, նշանակում  է կեղծել իրականությունը, խնդրին չմոտենալ համակողմանի ու օբյեկտիվ: Նշանակում է վերստին շարունակել այն պրակտիկան, երբ մարդկանց օրինական բողոքը, որը համարժեք է իշխանությունների ապօրինությունների մակարդակին, դատապարտվում է: Դա նշանակում է զրկել մարդկանց իրենց երկրում ապրելու հույսից, ապօրինության դեմ ընդվզելու իրավունքից»,- եզրափակել է Արթուր Սաքունցըˋնշելով, որ Շանթը նախընտրեց բանտը, քան արտագաղթը։

Էմմա Պալյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here