Նոյեմբերի 5-ի իրադարձություններից հետո գրեթե բոլոր դիտանկյուններից քննարկվեց կատարվածը: Որոշները Շանթ Հարությունյանի գործողությունները գնահատեցին ոչ ադեկվատ, չմտածված քայլ: Հանրության մեկ այլ հատված արդարացրեց այդ գործողությունները: Կարծիքներ հնչեցին, որ Շանթն իր սկսած հեղափոխությունը խեղդեց օրորոցում:
Արդյոք Շանթը խոստացել էլ, որ հեղափոխությունը ինքը պետք է հասցնի ավարտին: Վերջինիս գրառումը, որը նա տեղադրել էր Ազատության հրապարակում, այսպիսին էր. Ես սկսում եմ հեղափոխություն: Սկսե՞ց արդյոք Շանթը այդ հեղափոխությունը, և արդյո՞ք դեռ չսկսված ավարտվել է այդ հեղափոխությունը:
Ուսումնասիրելով աշխարհում տեղի ունեցած և տեղի ունեցող հեղափոխությունները, մանավանդ` մեր ժամանակներում տեղի ունեցողները, հասկանալի է դառնում, որ հեղափոխական սցենարները հաջողության են հասնում երկու դեպքում:
Առաջինը` երբ առկա է արտաքին աշխարհաքաղաքական խաղացողների միջամտությունը և աջակցությունը բարիկադների վրա գտնվողներին:
Երկրորդը` երբ հանրության մեջ առկա են իշխանություններին անհրաժեշտության դեպքում զենքի ուժով հակադարձող ռադիկալ խմբավորումներ: Ընդ որում, հեղափոխությունների արյունավետությունը գրեթե ուղիղ համեմատական է այս գործոններից մեկի կամ երկուսի ազդեցության մասշտաբներին:
Հայաստանյան ներկայիս իրականության մեջ առաջին գործոնը գրեթե բացակայում է` գուցե նաև ընդդիմադիր դաշտում այս պահին լուրջ խաղացողներ չտեսնելու հետևանքով: Սա թերևս կարելի է ընկալել որպես դրական կողմ, քանի որ արտաքին ցանկացած աջակցություն իր հետ բերում է նաև պարտավորությունների շարք:
Մինչև Շանթի գործելը բացակայում էր նաև երկրորդ գործոնը, սակայն վերջինս կարծես հիմք դրեց այս գործոնի եթե ոչ ձևավորմանը, ապա գոնե դրա մասին հանրային դիսկուրսի առաջացմանը: Իսկ եթե գոնե խոսակցությունների մակարդակում քննարկվում է այս հարցը, և հանրության մեջ կա Շանթը, ապա կլինեն նաև ուրիշները: Հետևաբար, առաջիկայում նման իրավիճակների կրկնությունը անիրատեսականի շարքից չէ:
Իհարկե, նման տեղային իրավիճակների ստեղծումը, պարտիզանական պայքարը չեն կարող մեծ արդյունքների բերել: Կարևոր է նման տեսակետներ, գործելաոճ ունեցող ուժերի ձևավորումը անհրաժեշտության դեպքում խաղի մեջ մտնելու և իշխանությունների համար զսպաշապիկի դեր կատարելու համար: Իսկ քաղաքացիական հանրությունը պետք է շարունակի պայքարը իր մեթոդաբանությամբ` փորձելով ապահովելով ավելի լայն կոնսոլիդացիա ինչպես կետային, այնպես էլ ցանցային առումով:
Այսպիսով, Շանթը իսկապես սկսել է հեղափոխություն, նա առնվազն ցույց է տվել դրա համար կարևորագույն գործոններից մեկի ձևավորման ճանապարհը, իսկ մնացածը կախված է գիտակից հանրության հետագա քայլերից:
Նարեկ Ամյան