Ազգային Ժողովի՝ Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը կարծում է, որ Հայաստանում արտագաղթի ծավալները կմեծանան այն բանից հետո, երբ Ռուսաստանի դաշնությունում պարզեցված կարգով քաղաքացիություն տրամադրելու վերաբերյալ օրենք ընդունեցին:
Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց՝ ռուսաց լեզվի կրողներին պարզեցված կարգով քաղաքացիություն տալու մասին օրենքը, ըստ որի այն քաղաքացիները, ովքեր, կամ ում նախնիները ապրել են Ռուսական կայսրության, ԽՍՀՄ, կամ ժամանակակից Ռուսաստանի տարածքում, կստանան քաղաքացիություն:
Ռուսական անձնագիր կտրվի Ռուսաստանում մշտական բնակություն հաստատելու պայմանով և այլ երկրի քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում: Օտարերկրյա քաղաքացին ընդամենը պետք է ռուսաց լեզվի քննություն հանձնի, և առավելագույնը 3-ամսյա ժամկետում պատասխան կտրվի նրա դիմումին:
Արամ Մանուկյանը Araratnews.am-ի հետ զրույցում ասում է, որ Հայաստանը որեւէ բան չի կարող ձեռնարկել, որպեսզի իր քաղաքացիներին պահի հայրենիքում:
«Արդեն ավելի շատ գնում են ոչ թե այն մարդիկ, ովքեր աշխատանք չունեն, այլ նաև նրանք, ովքեր աշխատանք ունեն, եկամուտ ունեն, անգամ բիզնես ունեն, բայց գնում են: Հիմնավորումը հետևյալն է՝ եղած գումարները չեն բավարարում այստեղ իրենց կյանքը ապահովելուն: Դա նշանակում է՝ գնացողների մի նոր որակ է ավելացել: Մարդիկ ուզում են գնալ Հայաստանից, քանի որ իրենց հեռանկարը այստեղ չեն տեսնում, իրենց պաշտպանվածությունը եւ ապահովվածությունը այստեղ չեն տեսնում»,-ասում է Մանուկյանը:
Նա կարծում է, որ Հայաստանում արտագաղթի որակական փոփոխություններ են տեղի ունեցել և Ռուսաստանի այս նոր որոշումը կարող է նպաստել դրան:
«Շահերի համընկնում կարող է տեղի ունենալ այս քանակի եւ այդ ընդունված օրենքի միջև: Ու, ցավալիորեն, մեր իշխանությունները ոչինչ չեն կարող անել այս հոսքերը կասեցնելու համար: Ռուսաստանը բացարձակ մեղավոր չէ, քանի որ Ռուսաստանը լուծում է իր դեմոգրաֆիկ խնդիրները, իր ժողովրդագրական եւ աշխատանքային ռեսուրսների խնդիրները: Եթե մարդը գիտի, որ գնա Ռուսաստան, կստանա երեք անգամ շատ աշխատավարձ, ինքը գնում է այդ երեք անգամ ավել աշխատավարձի վայրում աշխատելու: Խնդիրն այն է, որ ՀՀ քաղաքացին չի կարող իր գլուխը Հայաստանում պահել: Եթե կարողանար պահել, այդ օրենքը չէր ազդի: Բոլորն էլ ստիպված են գնում»-հավելում է Մանուկյանը: