Մարտի 2-15-ը Երևանում անցկացվելու է Եվրոպայի 15-րդ անհատական առաջնությունը։
Ինչպես հայտնում է «Շախմատային Հայաստանը», Մրցաշարը նվիրված է աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին։ Այս տարի լրանում է Պետրոսյանի ծննդյան 85-ամյակը։
Բացման արարողությունը կկայանա մարտի 2-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Սկիզբը` ժամը 21:00-ին։ Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 11 տուրով։ Խաղերը կկայանան «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում մարտի 3-15-ը։ Սկիզբը` ժամը 15:00-ին, վերջին տուրը` 14:00-ին։ Մարտի 9-ը հանգստյան օր է։
Մրցաշարին մասնակցում են 27 երկրների մոտ 270 շախմատիստներ, այդ թվում` շուրջ 130 գրոսմայստերներ։ Միջազգային կոչումներ ունեցող մասնակիցների թիվն անցնում է 200-ից։ Ամենամեծ թվով մասնակիցներ ներկայացնում են Հայաստանը (մոտ 80), Ռուսաստանը (53), Վրաստանը (17), Իսրայելը (17), Ուկրաինան (13), Թուրքիան (10)։ Կանոնադրության համաձայն՝ առաջին 23 տեղերը գրաված շախմատիստներն իրավունք են ստանում մասնակցելու Աշխարհի գավաթին։
Մրցանակային հիմնադրամը կազմում է 160 հազար եվրո։ Սահմանված են 25 հիմնական եւ 15 հատուկ մրցանակներ։ Առաջին մրցանակակիրը կստանա 20 հազար եվրո։ Միավորների հավասարության դեպքում մրցանակները բաժանվում են հավասարապես։
Գլխավոր մրցավարն է միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը (Հայաստան)։ Վճռաբեկ հանձնաժողովի նախագահն է գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը (Հայաստան), անդամները` գրոսմայստեր Գիորգի Գիորգաձեն (Վրաստան) և միջազգային կարգի մրցավար Գենադի Նեսիսը (Ռուսաստան)։