Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանը իր հրաժարականի մասին նախապես չի տեղեկացրել «Իմ քայլը» խմբակցությանը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Մենք պոստ ֆակտում տեղեկացել ենք դրա մասին: Ես, իհարկե, ցավում եմ, որ պարոն Շաթիրյանին եղել են կաշկանդող հանգամանքներ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում իր մասնագիտական որակներն իրացնելու և կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված քայլեր ձեռնարկելու համար: Կարծում եմ՝ խորհրդարանի կողմից տրված մանդատը, որով նա ներկայացել էր հանձնաժողով, պետք է բավարար վստահություն և անկաշկանդվածություն հաղորդեր նրան՝ աշխատելու համար»,- ասաց Մակունցը:
Մակունցի խոսքով՝ իրենք դեռևս Շաթիրյանի հետ հրաժարականի պատճառների մասին չեն խոսել, պարզապես նրա գրառումից արձանագրել են, որ եղել են կաշկանդող հանգամանքներ. «Կարծում եմ՝ պարոն Շաթիրյանն այլ պատճառների դեպքում և ցանկության դեպքում կապ կհաստատեր մեզ հետ»։
Նշենք, որ Շաթիրյանը հանձնաժողովի անդամ է ընտրվել «Իմ քայլը» խմբակցության առաջադրմամբ։