Տեղեկատվական դաշտի անկայուն վիճակի պատասխանատուները ապատեղեկատվություն տարածող լրատվամիջոցներն են, ֆեյսբուքյան և այլ սոցկայքերի շատ հաճախ քաղաքական պատվեր կատարող օգտատերերն ու ֆեյքերը:
Մեդիադաշտում հստակ ռազմավարությամբ իրականությունը խեղաթյուրող լրատվամիջոցները պատրաստ են ցանկացած սուտ հրապարակել և այսպիսով ապահովել դիտելիություն`վնասելով հանրությանը:
Araratnews.am լրատվականն այս անգամ էլ առանձնացրել և իր ընթերցողներին է ներկայացնում անցած շաբաթվա ընթացքում արծարծված ստերը:
Եվ այսպես` շաբաթվա ընթացքում հնչած ստերից էր ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանի հայտարարությունը, թե կառավարությունը «Ֆեյսբուքում» ստատուս գրելուց բացի, այլ կարևոր գործով չի զբաղվել, մաքսանենգ ծխախոտի աղմկահարույց և լայն արձագանք ստացած դեպքը, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի՝ Կանադայում գտնվող առանձնատան պատմությունը, ըստ որի՝ իբր Աննա Հակոբյանը ձեռք է բերել 2019-ին Կանադա այցի ժամանակ 3 միլիոն դոլարով և գրանցել «ախրաննիկի» քրոջ անունով:
#սուտ
ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը, լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ քննադատելով գործող կառավարությանը, ասաց, որ վերջինս տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը, և այսպիսի կարծիք հայտնեց, թե կորոնավիրուսի դեմ պայքարում գործող կառավարությունը բացի ֆեյսբուքյան ստատուսներից, այլ կարևոր գործով եթե զբաղվեր, ապա արդյունքը կլիներ բացարձակ ուրիշ:
#Ճիշտ
Նախ՝ քննադատությունների մասով: Ի սկզբանե գործող իշխանության քայլերը քննադատության պակաս չեն ունեցել: Անկախ՝ երկրում կորոնավիրուս է, թե ոչ, ընդդիմադիրներն ու նախկինները պատեհ-անպատեհ փորձում են թերագնահատել և ցեխ շպրտել ներկա իշխանության վրա:
Ինչ վերաբերում է Մանե Թանդիլյանի հնչեցրած կարծիքին, ապա պետք է կրկին հիշեցնել ԼՀԿ պատգամավորին, որ գործող իշխանությունը, այնուամենայնիվ, չի սահմանափակվել միայն «Ֆեյսբուքում» ստատուս գրելով: Եվ բազմաթիվ ծրագրերով, ամենօրյա աշխատանքով փորձել է կանխել վիրուսի տարածումը:
Ինչ վերաբերում է իրավիճակի այլ լինելու հանգամանքին, ապա հիշեցնենք ԼՀԿ պատգամավորին, որ մինչ գործող կառավարությունը փորձում էր ելքեր գտնել նոր կորոնավիրուսի դեմ պայքարում, ԼՀԿ ԱԺ խմբակցությունը Ազգային ժողովի ամբիոնից հասարակությանը հորդորում էր դիմակ չդնել, իսկ խմբակցության ղեկավարն էլ անձամբ հրաժարվում էր պաշտպանիչ դիմակ կրելուց:
#սուտ
Անցնող շաբաթվա ամենաքննարկված թեման մաքսանենգ ճանապարհով Հայաստանից դուրս եկած և Վորոնեժ հասած ծխախոտի պատմությունն էր: Մի շարք լրատվամիջոցներ, իրար հերթ չտալով, գրեցին ու պատմեցին, մեղադրեցին ու դատապարտեցին վարչապետին և նրա տիկնոջ եղբորը ապօրինությունների ու մաքսանենգ ճանապարհով ծխախոտի նման քանակի առք ու վաճառք իրականացնելու մեջ:
#Ճիշտ
Վերը նշված հրապարակման առնչությամբ հղում ենք անում ՊԵԿ-ի մամուլի ծառայության հատարարությանը, որտեղ մասնավորապես ասվում է.
«Լրատվական կայքերում այսօր տարածվող Երևանից-Վորոնեժ ծխախոտի նոր խմբաքանակի արտահանման վերաբերյալ լուրը, որի աղբյուրը ռուսական vestivrn.ru կայքն է, նոր դեպքի մասին չէ: Այն վերաբերում է շուրջ 1 ամիս առաջ տեղի ունեցած լրատվական հրապարակմանը, որի վերաբերյալ արդեն իսկ ՊԵԿ-ը տրամադրել է համապատասխան գրավոր պարզաբանում լրատվամիջոցների գրավոր հարցադրումներին»։
ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ Վորոնեժ քաղաքում ծխախոտի նոր խմբաքանակ տեղափոխելու դեպք չլինելու փաստը հաստատվել է նաև ՀՀ-ում ՌԴ մաքսային մարմինների ներկայացուցիչների կողմից:
«Ի դեպ, հավելենք, որ ՌԴ մաքսային մարմիններից դեռևս ոչ մի պաշտոնական հարցում չի ստացվել հիշատակվող դեպքի հետ կապված, ինչպես նաև չկա որևէ պաշտոնական գրություն՝ տվյալ բեռի մաքսանենգ որակված լինելու վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
#սուտ
Անցած շաբաթվա թոփ ստերի շարքից էր Նիկոլ Փաշինյանի՝ Կանադայում գտնվող առանձնատան պատմությունը, որը Աննա Հակոբյանը ձեռք է բերել 2019-ին Կանադա այցի ժամանակ 3 միլիոն դոլարով և գրանցել «ախրաննիկի» քրոջ անունով:
#Ճիշտ
Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ուրբաթ օրը` հունիսի 12-ին, ԱԺ- ում`արտակարգ դրության երկարացման առնչությամբ հրավիրված արտահերթ նիստի ժամանակ խոսեց ամենատարբեր թեմաներից, բայց չշրջանցեց նաև շահարկվող՝ Կանադայի առանձնատան պատմությունը:
Նիկոլ Փաշինյանը շատ խիստ ասաց, որ այս ամենը նպատակ է հետապնդում երկրում վստահության ճգնաժամ ստեղծել, թե իբր ոչ մի բան չի փոխվել, չի փոխվելու։
Կառավարության ղեկավարը, որոշ մարդկանց կասկածամտությունը փարատելու համար, ասաց.
«Եթե որեւէ մեկը մատն էլ կտրի, ասի, որ ես հիմա վարչապետի պաշտոնում փող եմ աշխատում բացի իմ աշխատավարձից, իմացեք, որ դա սուտ է, այդպիսի բան չի կարող լինել։ Ես վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո ասել եմ եւ ամեն օր հավատարիմ եմ այդ ասածին, որ եթե կոռուպցիայի մեջ ներգրավվեմ, ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում ինձ Հանրապետության հրապարակում կախաղան հանել, ուրիշ ոչ մի բան»:
Այս բարդ ու նոր ժամանակներում տեղեկատվական քաոսը նման է կորոնավիրուսին: Մարդիկ շատ հեշտությամբ վարակվում են՝ դառնալով ապատեղեկատվության զոհը: Իսկ մենք ամենօրյա ռեժիմով շարունակում ենք իրազեկել հասարակությանը, որպեսզի կանխենք ինֆովիրուսի տարածումը: Մեր հավատարիմ ընթերցողներին խոստանում ենք ապահովել անաչառ և հավաստի տեղեկատվություն:
Հայկ Մագոյան