տուն Քաղաքական Հայաստան Շաբաթվա ստերը. 1-7 հունիսի

Շաբաթվա ստերը. 1-7 հունիսի

425
0

Հատկապես վերջին շրջանում համացանցում տեղեկատվական տեռոր է կատարվում:

Տարաբնույթ տեղեկատվական արտահոսքերը շատ հաճախ թյուրիամացության մեջ են գցում հասարակությանը: Նախկին իշխանականներն ու ընդդիմադիրներից շատերն իրենց մեկնաբանություններով փորձում են ապակողմնորոշել հանրությանը`վերջինիս դարձնելով մեդիաանգրագիտության զոհ:

Araratnews.am լրատվականը շարունակում է ընթերցողին ներկայացնել հավաստի և անաչառ տեղեկատվություն: Ներկայացնում ենք հերթական ստերը, որոնք արծարծվեցին անցած շաբաթվա ընթացքում:

Եվ այսպես` շաբաթվա ամենաքննարկվող և ստահոդ թեմաներից էին վարաչապետի՝ կորոնավիրուսով վարակված լինելու փաստի մասին մեկնաբանությունները, Միքայել Մինասյանի հայտարարությունը, իբր թե վարչապետը ապօրինի զենք-զինամթերքի առք ու վաճառքի մեջ է թաթախված, ինչպես նաև ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի հայտարարություններն առ այն, որ գործող իշխանությունը, բացի ընդդիմության վրա գոռալուց, ուրիշ ոչինչ չի կարողացել անել:

#սուտ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան լայվով տեղեկացրեց հանրությանը, որ ինքն ու իր ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսով: Կարճ ժամանակ անց սկսվեցին տարաբնույթ մեկնաբանություններ, կարծիքներ, գնահատականներ, որոնցից ուշագրավներից էր վարչապետի՝ Արցախում գտնվելու ժամանակ արդեն իսկ վարակված լինելու մասին տեղեկությունը:

#Ճիշտ

Այս տեղեկության տարածումից և շահարկումներից հետո, վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մամուլի խոսնակը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասվում էր.

«Այսօր առավոտյան, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր և ընտանիքի անդամների թեստի պատասխանը դրական է, տարբեր շրջանակներ լուրեր տարածեցին, թե վարչապետը և տիկինն Արցախում Արայիկ Հարությունյանի երդմնակալության ժամանակ արդեն վարակված են եղել և չի բացառվում, որ կարող էին վարակել նաև երդմնակալության հյուրերին։

Նախ՝ Արցախ այցելած ՀՀ կառավարության պատվիրակության բոլոր անդամները մինչ մեկնելը թեստ են հանձնել։ Արցախ մեկնել են միայն բացասական թեստ ունեցող աշխատակիցները։ Նշեմ նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար է թեստ հանձնում»։

#սուտ

Շաբաթվա ամենաշատ քննարկվող թեման Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի այն հայտարարությունն էր, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը զբաղվում է ապօրինի զենք-զինամթերքի առք ու վաճառքով: Պետք է նկատել, որ այս հայտարարությանը սպասող նախկիններն ու ընդդիմադիրները մի շարք միֆեր ու երևակայական մտքեր արտահայտեցին:

#Ճիշտ

Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հայտարարությանն ի պատասխան՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան լայվով ասաց, որ առնվազն տարօրինակ է համարյա պատերազմական իրավիճակում գտնվող երկրին մեղադրել զենք գնելու մեջ:

Պատգամավորը նշել է, որ բոլոր մեղադրանքները անհիմն են, հայկական բանակի օդային պաշտպանությունը հիմա կայուն է, քան երբեւէ եւ պաշտպանված է այս կառավարության կողմից գնված նոր ՀՕՊ համակարգերի շնորհիվ:

Ապա հավելել է, որ  ՀՀ բյուջեից Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակահատվածում տրվել է 15 միլիարդ դրամ՝ բանակի համար զենք գնելու նպատակով, որը մինչեւ հեղափոխություն Հայաստան չէր մտել: Հեղափոխությունից հետո այդ զենքը Հայաստան է բերվել այդ մարդու միջոցներով, եւ պարտքը փակվել է:

Մինասյանի հայտարարությանը արձագանքեց նաև ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը:

Վերջինս հերքեց տեղեկությունը և ասաց, որ 2018-ից ի վեր Հայաստանը երրորդ երկրի հետ անօրինական զենքի գործարք չի ունեցել:

#սուտ

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասաց, որ գործող իշխանությունը բացի ընդդիմության, այսինքն՝ իրենց վրա գոռալուց, ոչինչ չի արել: Մարուքյանն ասաց նաև, որ այս իշխանությունը Ադրբեջանի ղեկավարության հետ մեղմ է խոսում, իրենց հետ՝ գոռգոռալով: Ըստ Մարուքյանի՝ իշխանությունը բոլոր ուղղություններով տապալել է իրեն վստահված կառավարումը:

#Ճիշտ

Էդմոն Մարուքյանը հավանաբար մոռացել է, թե ինչեր է արել ներկա իշխանությունը, որ պետք է անեին նախորդները, բայց չեն արել:

ԼՀԿ ղեկավարին պետք է ևս մեկ անգամ հիշեցնել, որ նախկին կոռումպացված բարքերն արմատապես տապալվել են գործող իշխանության շնորհիվ:

Բազմաթիվ ծրագրեր են իրագործվել և շարունակվում են իրականացվել անգամ արտակարգ դրության պայմաններում:

Երբ ԼՀԿ-ն ԱԺ ամբիոնից ասում է, որ կառավարությունը տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը, երբ ասում է, որ կառավարությունը միջոցներ չի ձեռնարկում, երբ ասում է, որ առողջապահության նախարարը օրը մեկ հակասական հայտարարություններով է հանդես գալիս, պետք է մեկ անգամ հիշեցնել նրանց, որ ամբողջ աշխարհը փորձում է պայքարել համավարակի դեմ, և քանի որ վիրուսը նոր է, ամեն անգամ նոր եզրահանգումներ են ի հայտ գալիս:

Ու մի բան էլ. եթե համավարակը լիներ նախկինների օրոք, ո՞վ կարող էր երաշխավորել, որ պետությունը կկանգներ քաղաքացու կողքին, երկու տասնյակ ծրագրերով կաջակցեր:

Ինչ վերաբերում է գոռալուն և Ադրբեջանի հետ մեղմ խոսելուն, պետք է հետհայացք գցել և տեսնել, որ Հայստանի մեղմ խոսելը ոչինչ չի նշանակում: Երկրի ղեկավարը ամենայն պատասխանատվությամբ և հստակ դիրքորոշմամբ ներկայացրել է, որ Արցախի հիմնախնդիրը կարող է լուծվել միայն Արցախի ժողովրդի ինքնորոշմամբ և որպես երրորդ կողմ բանակցային սեղանի շուրջ հայտնվելու պարագայում:

Գոռգոռոցների մասով էլի պիտի թարմացվի Էդմոն Մարուքյանի հիշողությունը: Միջադեպից հետո Լիլիթ Մակունցը շատ դիպուկ և փաստացի ներկայացրել էր, որ Էդմոն Մարուքյանի անընդհատ սադրելու հետևանքով տեղի ունեցավ անցանկալին:

Տեղեկատվական պատերազմում կորչում է մարդկանց հավատն ու վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ: Միայն անաչառ և էթիկապես գրագետ տեղեկատվությամբ հանրությանը կարող ենք իրազեկել և օգնել: Ապատեղեկատվությունը ունի ժամանակավոր կյանք, և դրա բացահայտումը մեր ուշադրության կենտրոնում է: 

Հայկ Մագոյան