տուն Քաղաքական Հայաստան Շաբաթվա ստերը. 15-21 հունիսի

Շաբաթվա ստերը. 15-21 հունիսի

488
0

Քաղաքական ակտիվ շաբաթն իր հետ բերում է տեղեկատվակություն`շատ հաճախ լրահոսը լցնող ապատեղեկատվությամբ ու հանրությանը շփոթության հասցնելու ակնկալությամբ:

Այս առումով անցնող շաբաթն էլ բացառություն չէր, բայց քաղաքական տեսանկյունից շատ ավելի  բուռն էր: Եղան հանգուցալուծումներ, ինչպես նաև հակամարտ ուժերի բախումներ: Ինչն էլ ուղեկցվեց հանրությանը մոլորության հասցնող ստերով ու կեղծիքներով, տեղեկատվությունը խեղաթյուրող, սուտը ճշտի տեղ սղղացնելու մանիպուլյատիվ դրևորումներով:

Araratnews.am լրատվականը կրկին հետևել է անցնող շաբաթվա ընթացքին և ընթերցողների համար առանձնացրել առավել աչքի ընկած ստհոդ տեղեկությունները:

Եվ այսպես`անցնող շաբաթվա ստերի եռյակում ընդգրկված է ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանի այն հայտարարությունը, թե երկրում տեղի ունեցող իրավական գործընթացներում կա քաղաքական ազդեցություն և միջամտություն: Անցնող շաբաթվա ստերից մեկն էլ իմքայլական պատգամավոր Գայանե Աբրահամյանի կորոնավիրուսով վարակվելու մասին տեղեկություններն էին, ինչպես նաև Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հերթական հայտարարությունը, թե Հայաստանից սև մետաղների թափոնների արտահանման բիզնեսի ստվերային ղեկավարը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքն է, իսկ դրա հետևանքով պետական բյուջեն զրկվել է միլիարդների հասնող եկամտից:

#սուտ

ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում խոսել էր այն մասին, որ երկրում տեղի ունեցող իրավական գործընթացներում կա քաղաքական ազդեցություն և միջամտություն: Սամսոնյանն իր խոսքում նաև ասել էր, որ իշխանությունն առաջնորդվում է ըստ անհրաժեշտության և հարմար առիթի դեպքում սկսում է իրավական գործընթացներ:

#Ճիշտ

Երկրում իրավական գործընթացներում քաղաքական այս կամ այն դեմքերի ներգրավված լինելը դեռ չի նշանակում, թե իշխանությունը միջամտում է դրանց: Երկրի ղեկավարի մակարդակով պարբերաբար հանրությանը իրազեկվում է, որ պետությունը չի խառնվում իրավական գործընթացներին:

Ասվածի լավագույն վկայությունը անցնող շաբաթվա ընթացքում իրավական համակարգում տեղի ունեցող որոշումներն էին: Եվ հանրությունը ակնհայտ տեսնում է, որ այդ որոշումներում չկա քաղաքական հետապնդում և միջամտություն:

#սուտ

Համավարակը դարձել է մեր տեղեկատվական դաշտի կարևոր բաղկացուցիչը: Եվ սոցիալական հարթակներն ու լրատվականները ողողված են այդ մասին ամենատարբեր տեղեկություններով`հավաստի և շատ հաճախ անհեթեթ ու ստահոդ:

Հանրային առողջությունը դարձնել մեդիահարթակում լայքեր հավաքելու, քաղաքական դիվիդենտներ ստանալու միջոց՝ դատապարտելի է: Անցնող շաբաթվա ընթացքում սուտ լուրեր տարածվեցին, թե «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը վարակվել է կորոնավիրուսով:

#Ճիշտ

Վերը նշված տեղեկությունները հերքեց պատգամավորն իր ֆեյսբուքյան գրառմամբ, որտեղ ներկայացնում էր, որ կորոնավիրուսով վարակվել են իր ծնողները, իսկ իր վարակվելու մասին լուրերը սուտ են: Պատգամավորը հորդորում էր լրատվականներին չզբաղվել ապատեղեկատվությամբ հատկապես՝ երբ խոսքը մարդկանց առողջության մասին է:

«Սիրելի լրագրող գործընկերներ, որոշ կայքերում (լրատվամիջոց չեմ անվանի) լուր հրապարակվեց իբրեւ թե ինձ մոտ հաստատվել է կորոնավիրուս, լուրը սխալ է, իմ եւ դստերս թեստը ԲԱՑԱՍԱԿԱՆ Է։

Ցավոք, ծնողներիս մոտ է հաստատվել վիրուսի թեստը (առանձին են ապրում, շփվել ենք` խստորեն պահպանելով բոլոր կանոնները), հայրս, քանի որ ունի խրոնիկ հիվանդություններ` հոսպիտալացված է, մայրս` թոքաբորբ ունի, բայց դեռ տնային բուժում է ստանում։ Խնդրում եմ, գոնե այս թեմայով ապատեղեկատվություն մի տարածեք, սա շահարկման նյութ չէ»,- գրել էր պատգամավոր Գայանե Աբրահամյանը:

#սուտ

Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը հունիսի 13-ին հանդես էր եկել տեսաուղերձով: Այս անգամ նա անդրադարձել էր Հայաստանից սև մետաղների թափոնների արտահանմանը և շտապել հայտարարել, թե այս բիզնեսի ստվերային ղեկավարը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքն է, իսկ դրա հետևանքով պետական բյուջեն զրկվել է միլիարդների հասնող եկամտից։

Մինասյանի խոսքով՝ վարչապետի ընտանիքի ղեկավարությամբ և ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի միջոցով Հայաստանի մաքսային և հարկային ծառայությունում գործում է մաֆիա, որը թույլ է տվել Հայաստանի ժողովրդից 4 մլրդ դրամ թալանել։ «Սա արդեն ուղիղ թալանի ուղիղ ապացույց է»,- հայտարարել էր Մինասյանը։

#Ճիշտ

Միքայել Մինասյանի հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը։ «Փաստերի ստուգման հարթակը» զրուցել է «ՔԱՊ» ընկերության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ:

Վերջինս հերքել է իրենց և Նիկոլ Փաշինյանի կամ նրա ընտանիքի հետ կապը և նույնիսկ նշել, որ իրենց բեռնատարն արդեն մեկուկես ամիս կանգնած է մաքսակետում՝ բյուրոկրատական քաշքշուկի պատճառով։ «Եթե ես վերևներում կապեր ունենայի, բեռնատարներիս հետ կապված դժվար թե խնդիր ունենայի»,- նշել է «ՔԱՊ» ընկերության տնօրենը։

Անհերքելի փաստ է`տեղեկատվական բազմազանությունն ու տարակարծությունը շատ հաճախ խանգարում են հանրությանը: Լրատվամիջոցները, լինելով հանրությանն իրազեկող կառույցներ, երբեմն մոռանում են իրենց առաքելության մասին և դառնում են քաղաքական պատվեր կատարողներ`գնալով ամենակարճ ճանապարհով`վնասելով հանրությանը: Աչալրջությամբ Araratnews.am-ը շարունակում է հանրությանը ներկայացնել լրատվության մեջ առկա ստերը և իր ընթերցողների համար ապահովում է անաչառ ու օբյեկտիվ տեղեկատվություն:

Հայկ Մագոյան