Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Araratnews.am լրատվականը սկսել է նոր նախագիծ՝ «Շաբաթվա ստերը»: Յուրաքանչյուր երկուշաբթի ամփոփելու և ընթերցողին ենք ներկայացնելու նախորդ շաբաթվա ընթացքում հնչեցված քաղաքական ու հասարակական հայտարարություններն ու մեկնաբանությունները, որոնք պարունակում են սուտ տեղեկատվություն:
Եվ այսպես՝ այս «Շաբաթվա ստերում» անդրադարձել ենք մեդիա տիրույթում և սոցիալական հարթակներում տարածված՝ Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունների հովանավորների, Էջմիածնի քաղաքապետարանի ծաղկային գնումների և Լանզարոտեի կոնվենցիայի մասին կեղծ տեղեկություններին:
#սուտ
Այս շաբաթվա տարածված ստերից մեկը վերաբերում է Սյունիքում տեղի ունեցած իրադարձություններին: Եվ այսպես` լուրեր շրջանառվեցին, որ Սյունիքի մարզում կատարված ձերբակալությունները հովանավորվում են Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանի, Նիկոլ Փաշինյանի զարմիկ Սիփան Փաշինյանի և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի նախկին բաժնետեր Մաքսիմ Հակոբյանի որդիներ Վահե և Արմեն Հակոբյանների կողմից:
#Ճիշտ
Սյունիքի մարզում տեղի ունեցած ձերբակալությունների հովանավորման ստահոդ լուրերի առնչությամբ ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում այսպիսի գրառում կատարեց.
«Ուրեմն, մի քանի օր է` մամուլում նյութ են գովազդում, իբրև ես և Սյունիքի գործարարներից մեկը կազմակերպել ենք Քաջարանի դեպքերը:
Երեկ նոր թափ առավ այդ չորացած «աղբյուրներից» ստացված լուրը:
Այսօր սրճարաններից մեկում ես և իմ գործնկերներ Tigran Karapetyanը և Aren Mkrtchyanը սուրճ խմելու ժամանակ քննարկում էինք մամուլի ստի և կեղծիքի տարածման ծիծաղելիության աստիճանը և որոշեցինք թեստ անել:
Հ.Գ. Ստով և կեղծիքով, ամբողջ պետական լծակներով և դիկտատուրայով չկարողացաք իշխանություն պահել: Հիմա ինչ նպատակով էլ այսքան կեղծիք եք լցնում դաշտ` տրամաբանորեն դատապարտված է ձախողման»:
#սուտ
Նախորդ շաբաթվա ոչ պակաս քննարկված թեմաներից էր Էջմիածնի քաղաքապետարանի շուրջ ստեղծված աղմուկը: Երկու հրապարակմամբ` «150 դրամանոց ձնծաղիկը գնում է 3000 դրամով. Դիանա Գասպարյանի սյուրռեալիստական գնումները» եւ «450 հազար դրամի ձնծաղիկ եւ «ռաշիրիտելի կրիշկա». Դիանա Գասպարյանի գնումների պլանը» վերտառություններով։ Հղում անելով Էջմիածնի քաղաքապետարանի 2020 թվականի գնումների պլանին, վերը ներկայացված հրապարակումներում իբրեւ բացահայտում նշում էր, թե Էջմիածնի քաղաքապետարանը 150 դրամանոց ձնծաղիկը գնել է 3000 դրամով:
#Ճիշտ
Քաղաքապետարանն ու անձնամբ Դիանա Գասպարյանը հերքեցին, որպես ապացույց ներկայացնելով, որ ՀՀ ֆինանսների նախարարության գնումների համակարգում՝ gnumner.am կայքում բաց եւ հրապարակային տեղադրված գնումների պլանում հստակ նշված է՝ ձնծաղիկ՝ միավորի գինը՝ 150, միավորի քանակը՝ 3000: Ապա պահանջեցին հրապարակավ հերքել տեղեկատվությունը:
#սուտ
Լանզարոտեի կոնվենցիան շարունակում է քննարկվել, և չեն դադարում տարաբնույթ մեկնաբանությունները կոնվենցիայի մի շարք կետերի և դրույթների մասին:
#Ճիշտ
Հարցի քննարկումը հասել էր նույնիսկ նախագահական: Արմեն Սարգսյանը Անահիտ Բախշյանի հետ զրուցեց կոնվենցիայի կրթական բաղադրիչի շուրջ ծավալված և մտատանջող հարցերի մասին:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նույնպես անդրադարձավ ԵԽ «Լանզարոտեի» կոնվենցիային և դրա վերաբերյալ շահարկումներին։
Նախարարը ներկայացրեց կոնվենցիայի 6-րդ հոդվածը, որում ասվում է, որ յուրաքանչյուր կողմ պետք է ձեռնարկի անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որպեսզի երեխաները տարրական և միջնակարգ կրթություն ստանալու ժամանակ տեղեկանան սեռական շահագործման և սեռական բռնության հետ կապված վտանգի հետ, ինչպես նաև իրենց պաշտպանելու միջոցների մասին՝ համաձայն իրենց կարողությունների: Նման տեղեկատվությունը, որ անհրաժեշտության դեպքում նաև ծնողների հետ համագործակցելով, պետք է տրամադրվի սեռական դաստիարակության առավել ընդհանուր համատեքստում և հարկավոր է առանձին ուշադրություն հատկացնել վտանգավոր իրավիճակների վրա, մասնավորապես՝ կապված տեղեկատվական և հաղորդակցության նոր տեխնոլոգիաների օգտագործման հետ։
Պետք է նկատենք, որ հարցի քննարկումը և հասարակությանը ճիշտ իրազեկումը կարևորագույն խնդիր է: Հատկապես, որ ընդդիմադիրները շարունակում են խեղել իրականությունը և դրանով ապակողմնորոշում են հանրությանը:
Հայկ Մագոյան