տուն Քաղաքական Հայաստան Նրանք, ովքեր ուզում են քաղաքականացնել այս ամենը, երրորդ անգամ չասեմ, թե ինչ...

Նրանք, ովքեր ուզում են քաղաքականացնել այս ամենը, երրորդ անգամ չասեմ, թե ինչ են. Սերգեյ Դանիելյան

379
0

Հայտնի դերասան Սերգեյ Դանիելյանը, օրերս շրջելով Երևանի փողոցներով, մարդկանց հորդորում էր դիմակ կրել, պահպանել սոցիալական հեռավարություն և կատարել պարետի որոշումները:

Ամբողջ աշխարհում ակցիաներով, տարբեր նախաձեռնություններով, տեսաուղերձներով և  օնլայն համերգներով մտավորականները, արվեստագետներն ու հանրային մարդիկ կոչ են անում պահպանել համակեցության կանոնները, որպեսզի աշխարհը օր առաջ ազատվի վիրուսի ճիրաններից:

Սերգեյ Դանիելյանը այն արվեստագետներից է, որն իր պարտքն է համարել մարդկանց իրազեկել, որ հանրային առողջության պահպանումը կախված է ցանկացած մարդու պատասխանատվությունից:

Araratnews.am-ը այս և այլ հարցերի շուրջ զրուցել է հայտնի դերասանի հետ:

Մարդկանց իրազեկելու նախաձեռնության մասին Սերգեյ Դանիելյանն ասում է, որ հանրության շրջանում բավականին ոգևորություն է նկատել և լավ  տպավորություններ է ստացել:

«Մարդիկ լսում էին, գիտակցում էին ու ընդունում, որ կանոնների պահպանումը շատ կարևոր է»,- ասում է նա:

Մենք դերասանից հետաքրքրվեցինք, թե որպես արվետագետ և որպես ՀՀ քաղաքացի, ինչպես է գնահատում կառավարության և գործող իշխանության կատարած քայլերը կորոնավիրուսի դեմ պայքարում և առհասարակ:

«Գործող իշխանության քայլերը կգնահատեմ բավարար: Այս իշխանությունը իրենից կախված ամեն ինչ անում է: Բնականաբար, պետք է նկատեմ, որ այս  իշխանությունը և աշխարհում ոչ մի իշխանություն պատրաստ չէր վիրուսին ու հատկապես այսպիսի մասշտաբներով»:

Դերասան Սերգեյ Դանիելյանը կարծում է, որ պետք է սովորել ապրել կորոնավիրուսի հետ, քանի որ անընդհատ սահմանափակված մնալ հնարավոր չէ:

«Ես կարծում եմ` ճիշտ են արել, որ սահմանփակումները հանել են, որովհետև պետք է կամաց-կամաց սովորել ապրել վիրուսի հետ: Երևի պետք է բոլորս վարակվենք պրծնենք: Ճիշտ է, ես վիրուսոլոգ չեմ, բայց տանը նստելով էլ բան դուրս չի գա»,- կեսկատակ-կեսլուրջ ասում է  դերասանը:

Վերջին շրջանում երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին ու գործող իշխանության դեմ կատարած քայլերին, կորոնավիրուսին քաղաքական աստառ կպցնողներին և  նախկինների պահվածքին Սերգեյ Դանիելյանը բավականին կոշտ գնահատական տվեց:

«Ընդհանրապես, կորոնավիրուսով պայմանավորված՝ խնդիրը քաղաքականացնելու համար պետք է պոռնիկի ծնունդ լինել: Ովքեր քաղաքական դիվիդենտներ են քաղում, նրանք պոռնիկի ծնունդ են: Ես դրանից ավել բան չեմ կարող ասել: Նրանք, ովքեր ուզում են քաղաքականացնել այս ամենը, երրորդ անգամ չասեմ, թե ինչ են»:

Հայկ Մագոյան