Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը հրամանագիր է ստորագրել, որով ընդլայնվել են այդ երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի լիազորությունները պետական կառավարման համակարգում կադրային քաղաքականության ոլորտում:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ին, Տոկաևի ստորագրած հրամանագրի համաձայն, այսուհետև նախարարները, բացառությամբ պաշտպանության, արտաքին գործերի և ներքին գործերի նախարարների, նշանակվելու են միայն Անվտանգության խորհրդի նախագահի հետ համատեղ որոշման արդյունքում:
Հիշեցնենք, որ Ղազախստանը շուրջ 30 տարի ղեկավարած Նուրսուլթան Նազարբաևը նախագահի պաշտոնից հեռացել է այս տարվա մարտի 20-ին: Նա այժմ Ղազախստանի Անվտանգության խորհրդի նախագահն է, ինչպես նաև իշխող Nur Otan կուսակցության առաջնորդը: