Իմ ընտանիքի անդամների համար ի բնե չի կարող որևէ բան ձեռք բերվել։ «Ֆեյսբուքի» ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակմանը, թե իր դստեր՝ Մարիամ Փաշինյանի համար 2019 թվականին թանկարժեք ավտոմեքենա է գնվել:
Ըստ վարչապետի՝ ինչպեսև կարելի էր կռահել, երեկվանից պետական կառավարման մարմիները չեն կարողանում բացատրություն տալ, թե ինչ է տեղի ունեցել, եղել է նման բան, թե՞ ոչ:
Փաշինյանն ասաց, թե օրենքն ասում է, որ ՀՀ վարչապետն ընդհանրապես չի կարող հրաժարվել պետական պահպանությունից, և վարչապետի ընտանիքի անդամները ևս։
«Այն, որ իմ ընտանիքի անդամները որևէ տրանսպորտային միջոցով տեղից տեղ են շարժվում, այդ մեքենան իմ ընտանիքի անդամի համար չէ գնված, գնված է Պետական պահպանության ծառայության աշխատողների համար, որոնք իրականացնում են վարչապետի ընտանիքի անդամների անվտանգությունը: Իսկ վարչապետի անվտանգությունն ապահովվում է, որովհետև դա սահմանված է օրենքով, վարչապետը չի կարող հրաժարվել դրանից: Հետևաբար, ի սկզբանե աբսուրդ է, ասել, որ Պետական պահպանության ծառայությունն իմ ընտանիքի անդամներից որևէ մեկի համար մեքենա է գնել»,- նշեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը ասաց, որ հրապարակումն այն մասին էր, որ 2019 թվականի արտադրության մեքենա է ձեռք բերվել:
«Երբ այդ լուրն իմացա, միանգամից զանգեցի Պետական պահպանության ծառայության ղեկավարին, հարցրի՝ 2019 թվականի մեքենան ձեռք բերվել է, թե՞ ոչ: Իրենք ասացին՝ ոչ, ձեռք չի բերվել: Հետո հարց ծագեց՝ իսկ նախկինում մեքենա ձեռք բերվե՞լ է: Պարզվեց, այո, 2018-ին մեքենաներ ձեռք են բերվել: Եվ այդ մեքենաները ձեռք չեն բերվել իմ ընտանիքի անդամների համար, ձեռք են բերվել իմ ընտանիքի անդամների անվտանգությունը ապահովելու համար՝ ՊՊԾ համար: Ես նույնիսկ տեղյակ էլ չեմ եղել, որովհետև դա իմ գործառույթը չի եղել»,- մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը: Իսկ նոր մեքենաներ, ըստ Փաշինյանի, գնվել են, քանի որ պետական պահպանության ենթակա անձանց թիվն ավելացել է:
«Դա նույն է, որ ասվի՝ Մարիամ Փաշինյանի համար կալաշնիկովներ, զրահաբաճկոններ են ձեռք բերվել, ռադիոկապ է ձեռք բերվել»,- հավելեց նա:
Նիկոլ Փաշինանն ասաց, որ Հայաստանում մարդիկ կան, որոնց համար գերագույն հաճույք է «ախռանայով» շրջելը:
«Ես ուզում եմ ձեզ ասել, որ վերջին մեկուկես տարում մեր ընտանիքի ամենամեծ պրոբլեմները կապված են այդ երևույթի հետ, որովհետև իմ ընտանիքի անդամներն անընդհատ հարց են դնում, որ այս իրավիճակն իրենց համար մեծ պրոբլեմ է, դիսկոմֆորտ: Անցած կիրակի օրը մենք ընտանիքով փախել ենք մեր հին մեքենայով և ժամուկես-երկու ժամ շրջել ենք Երևանում մեր հին ավտոմեքենայով: Իմ գործողությունը կարող է մեկնաբանվել նաև որպես օրենքի խախտում: Վերջերս նաև տեղեկություն կար, որ Մարիամ Փաշինյանը մեքենայից չի իջնում, մինչև թիկնազորը դուռը չի բացում: Ես ձեզ համար մեծ անակնկալ ունեմ՝ պարզվում է՝ դա պետական պահպանության ծառայության պահանջն է: Անվտանգության որոշակի ընթացակարգեր կան, և մենք այդ մարդկանց աշխատանքը հարգելով՝ հետևում ենք դրանց»,- նշեց Փաշինյանը: