Գլխավոր դատախազության մուտքի մոտ այսօր հավաքվել էին 2008 թվականին սպանության և երկու անձի դանակահարության համար դատապարտված Արեն Չաթիյանի հարազատները: Արենը մի քանի օր է հացադուլ է հայտարարել և կարել բերանն ու կոպերը՝ ի նշան բողոքի: Այս մասին տեղեկացնում է tert.am-ը:
«Վերանայեք ցմահի գործը, ես դեռ 27 տարեկան եմ», « Պահպանիր ինձ քեզնից հայրենիք, հացադուլով քեզանից պահանջում է նախկին զինվորդ». այս և այլ կարգախոսներով էին Գլխավոր դատախազության մոտ հավաքվել ցմահ դատապարտյալի հարազատները:
Արենի մայրը՝ Ալլա Մարտիրոսյանը, լրագրողների հետ զրույցում պատմեց, որ պատահաբար է իմացել որդու հացադուլի մասին. երբ հերթական անգամ եկել է «Նուբարաշեն» որդու համար ուտելիքի ծանրոց բերելու, այն չեն ընդունել՝ պատճառաբանելով, որ հացադուլի մեջ է:
Թե քանի օր է այն տևում,հարազատները տեղյակ չեն, բայց պահանջում են, որ Գլխավոր դատախազության համապատասխան պաշտոնյան գնա և պարզի, ինչու է Արենը հացադուլ հայտարարել:
«Թող գնան խոսեն, տեսնեն ի՞նչ է ուզածը, ինչո՞ւ է բերանն ու կոպերը կարել»,- ասաց դատապարտյալի մայրը։
Ալլա Մարտիրոսյանը պնդում է, որ որդին եթե կապ ունի դանակահարությունների հետ էլ, ապա սպանության համար մեղավոր չէ և միակ ապացույցը, որ սպանություն կատարողը նա է, այն է, որ սպանվողի հեռախոսը գտել են նրա մոտ:
Գլխավոր դատախազությունից արձագանքեցին և տիկին Ալլային մոտեցավ դիմում-բողոքների բաժնի պետ Անդրե Աղամյանը ով, նշեց, որ նոյեմբերի 29-ին Արենից իր գործը վերանայելու դիմում են ստացել, և մինչև հիմա ընթացք չի տրվել, քանի որ ոչ աշխատանքային օրեր են եղել: Նա Ալլա Մարտիրոսյանին առաջարկեց բարձրանալ վերև և առանձին խոսել: