«ՌԴ կառավարությունը Պետական դումա է ներկայացրել նոր օրինագիծ, որի համաձայն՝ նախկին ԽՍՀՄ երկրների այն բնակիչները, ովքեր տիրապետում են ռուսաց լեզվին, քաղաքացիություն կարող են ստանալ երեք ամսում, եթե մշտական բնակություն հաստատեն Ռուսաստանում և հրաժարվեն իրենց երկրի քաղաքացիությունից։
Շատերի համար է հասկանալի, որ այս օրինագիծը իրենց վտանգ է ներկայացնում առաջին հերթին հենց Հայաստանի Հանրապետության համար: Գաղտնիք չէ, որ Հայաստանի շատ քաղաքացիներ կցանկանան ստանալ ՌԴ քաղաքացիություն և մնալ այդ երկրում:
Տավուշի մարզի Այգեպար համայնքի ղեկավար Անդրանիկ Այդինյանը AraratNews.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց համայնքից շատ քիչ մարդ է գնում արտագնա աշխատանքի.«Մեկ-երկու հոգի են գնում: Մարդիկ անգամ երկրից դուրս գալու հնարավորությունը չունեն: Մեր համայնքում տղամարդկանց աշխատանքը պայմանագրային զինծառայությունն է: Տղաները բանակից գալիս են և անցնում պայմանագրային զինծառայություն»,-ասաց մեր զրուցակիցըˋ հավելելով, որ 90-ական թվականներին իրենց գյուղից եղել են մարդիկ, որ գնացել և չեն վերադարձել Հայաստան:
Շիրակի մարզի Ազատան համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանը տեղեկացրեց, որ իրենց մոտից արտագնա աշխատանքի մեկնողները շատ են.«Ամեն տարի մոտ 1000 մարդ է գնում: Իհարկե շատերը կցանկանան ստանալ ՌԴ քաղաքացիություն, քանի որ այդպես ավելի հեշտ կլինի իրենց համար այնտեղ աշխատելը: Ավելին ասեմˋ այսօր գնացողներից շատերը արդեն ՌԴ քաղաքացիներ են, այնտեղ տուն ունեն և իրենց ընտանքիներին են տեղափոխում այդ երկիր»,-ասաց համայնքապետը: