ՀՀ կառավարության 2004 թվականի որոշմամբ` հոկտեմբերի 7-ը մեր հանրապետությունում նշվում է Գրադարանավարի օրը։ Տոնը տոն, սակայն, այն նաև պատեհություն է՝ հասկանալու, ինչ վիճակում են մեր հանրապետությունում գործող գրադարանները, ինչ մարտահրավերներ ու խնդիրներ ունեն, որքանով են պետականորեն նշվող այս տոնի գլխավոր դերակատարները՝ գրադարանավարները, ոլորտի մյուս պատասխանատուները կարևորում իրենց աշխատանքն ու մասնագիտական տոնը:
Հասմիկ Կարապետյան, Երևանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն. «Համակարգիչների մուտքը նոր հեղաշրջում կատարեց տեղակատվության պահոցներում՝ խնդիր դնելով գրադարանների աշխատանքը կազմակերպել նորովի։ Դժվար է աշխատել 21 –րդ դարի ընթերցողի հետ և բավարարել ընթերցողական պահանջները։ Ժամանակի մարտահրավերներին դիմակայել գրադարանները կարող են միայն տեղեկատվական ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացման, նոր տեխնոլոգիաների ներդրման, ընթերցողի սոցիալ-մշակութային և անհատական առանձնահատկություններին համապատասխան զարգացման միջավայրի ստեղծան, ընթերցողների մտավոր պահանջմունքների բավարարման, ինքնաճանաչման, ինքնակրթության և ընթերցանությանը հաղորդակցվելու միջոցով։ «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ը ՀՀ հանրային բնույթի երկրորդ մեծ գրադարանն է, որի ընթերցողների 70 տոկոսը կազմում են մայրաքաղաքի բուհերի ուսանողները և դպրոցականները, որտեղ իրականացվում է ժամանակակից տեխնիկական վերջին և լավագույն միջոցներով վերազինված սպասարկում, գրականության մշտական համալրում։ Գրադարանն ընթերցողներին տրամադրում է համացանցային անվճար և անսահմանափակ հզորություններից օգտվելու հնարավորություն, անվճար բազմաթիվ տեղեկատվական և թվային բազաներ, հարուստ գրքային ֆոնդ, հատուկ խմբերի համար տեղադրված «ԱՐԵՎ» ծրագիրը էլ․գրքերի օնլայն բազաներ՝ «Ոսկե շղթա 1,2,3», ժամանակակից էլ․ընթերցիչներ /քինդլներ/։ Բոլոր մասնաճյուղերում տեղադրված է անվճար Wi-Fi կապ և մատուցվում են գրադարանային-մատենագիտական բազմաթիվ այլ ծառայություններ։ Շնորհավորելով գրադարանավարի մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում ենք նրանց անմնացորդ նվիրում շնորհակալ և հայրենանվեր գործին, և վստահ ենք, որ բարձր կպահեն գրադարանավարի հեղինակությունը և բարի անունը, իսկ գրադարանը կմնա բոլորի կողմից սիրված և նախընտրելի վայր։ ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՍԻՐԵԼԻ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐ…. »։
Նազենի Արզումանյան, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի կենտրոնական գրադարանի տնօրեն. «Խնդիրներից, գոնե մեր գրադարանի դեպքում, թերևս ամենակարևորը շենքային պայմանների հարցն է, շենքի վիճակը, ինչպես նաև այն, թե որտեղ է այն գործում: Այսինքն՝ հարկ է, որ գործենք առավել բանուկ տեղանքում, որպեսզի երեխաների համար հեշտ լինի գնալը, անծանոթ մարդու համար տեսանելի լինի, բոլորը իմանան գրադարանի տեղը։ Բացի այդ, կարևոր է նաև գրքի պահպանման ջերմաստիճանը, սակայն կարծում եմ, որ այսօր քաղաքային բոլոր գրադարաններում այդ խնդիրը լուծված է։ Հույժ կարևոր է տեխնիկական զինվածությունը, թվայնացումը։ Այդ խնդիրն առկա է գրեթե բոլոր գրարաններում: Միաժամանակ, շատ կարևոր է պահանջվող նոր գրքերի ձեռք բերումը: Ինչ վերաբերում է Գրադարանավարների տոնին, նշեմ, որ այս օրն ընդամենը օրացուցային օր չէ։ Այսօր սովորականի պես չեմ ուզում ասել՝ «Տոնդ Շնորհավոր, Գրադարանավար»։ Ասել այդքանը, կնշանակի ոչինչ չասել այն ամենի համար, ինչ արել և անում են այսօրվա գրադարանավարները։ Այո, այսօր, հենց այսօր է ավելի կարևոր գրքի, գրադարանի և գրադարանավարի դերը, երբ ամեն Աստծո օր մի նոր ժամանակակից տեխնիկա շլացնում ու ոգևորում է դպրոցականին, և ամեն րոպե նրանց հեռացնում գրքից։ Այո, հենց գրադարանավարն է, որ աշխատում է գոհացնել ընթերցողին։ Շնորհակալ եմ նրանց… Ռուս մեծ գրականագետ, լեզվաբան Լիխաչովը մի առիթով ասել է. «Եթե ծանր մի աղետի հետևանքով երկրի երեսից բնաջնջվի ամեն ինչ և մնան միայն գրադարանները, երկիրը նորից կսկսի ապրել»: Այնպես որ՝ որքան ուժեղ գրադարան, այնքան՝ ուժեղ պետություն»:
Հ.Գ. Իհարկե, ոլորտային խնդիրներն ու կարևոր նախաձեռնությունները բազում են, այնպես որ, հաջորդիվ ևս, կփորձենք որոշակի պարբերականությամբ մեր ընթերցողներին ներկայացնել գրադարանների ու այդ բնագավառին վերաբերող տեղեկատվությունը: Մեր խմբագրակազմը ևս շնորհավորում է Գրադարանավարների տոնը՝ մաղթելով ընթերցողական, գրքային հարուստ համալրումներ…