Ռուսաստանի իշխանությունները Գերմանիայի դեսպանատան երկու աշխատակցի արտաքսելու մասին որոշում են կայացրել: Այդ մասին ասվել է ՌԴ ԱԳ նախարարությունից և նշվել, որ երկրի տարածքը լքելու համար գերմանացի դիվանագետներին տրվել է յոթ օր ժամանակ:
Գերմանիայի դեսպան Գեզա Անդրեաս ֆոն Գայրը բողոքի նոտա է հղել ԳԴՀ դիվանագիտական առաքելության աշխատակիցների արտաքսման կապակցությամբ՝ կատարվածը անհիմն որակելով:
Ինչպես հայտնում է korrespondent.net-ը, ռուսական կողմը առաջնորդվել է փոխադարձության սկզբունքով և Վիեննայի կոնվենցիայի 9-րդ հոդվածով, ինչի արդյունքում էլ երկու անձանց հայտարարել են «persona non grata»:
Ավելի վաղ, Գերմանիան արտաքսել էր երկու ռուս դիվանագետի. նրանք ոչ ցանկալի անձ էին հայտարարվել ՌԴ-ի ոչ բավարար գործակցության համար՝ Բեռլինում կատարված սպանության հետաքննության մասով: