Նոր Նորք վարչական շրջանի մի քանի տասնյակ բնակիչներ բողոքով դիմել են Հանձնաժողովին` տեղեկացնելով, որ իրենց համայնքում մոտ 35 տոկոսով բարձրացվել են վերելակների սպասարկման վճարները: Նշված խնդրի ուսումնասիրության նպատակով, Հանձնաժողովը դիմել է «Նոր Նորք վերելակ» ընկերությանը՝ պահանջելով ներկայացնել պարզաբանումներ և փաստաթղթային հիմնավորումներ` վերոնշյալ խնդրի հետ կապված:
Վերջինս գրավոր կերպով Հանձնաժողովին տեղեկացրել է, որ վճարների բարձրացումը պայմանավորված է որոշակի ծախսերի և հարկերի բարձրացմամբ: Տեղեկատվության ուսումնասիրության արդյունքում Հանձնաժողովը պարզել է, որ սպասարկման վճարի 35 տոկոս բարձրացումը անհիմն է: Ընկերության ներկայացուցիչները ընդունել են որ, իսկապես, իրենց կողմից կատարվել է գնային անհիմն բարձրացում:
«Նոր Նորք վերելակը» իրականացնում է Նոր Նորք վարչական շրջանում առկա 592 վերելակներից 492 -ի սպասարկումը:
Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, այդ թվում նաև այն, որ ընկերությունը ընդունել է սակագնի բարձրացման չհիմնավորված լինելու փաստը և կարճ ժամանակ անց սկսել է վերանայել արդեն իսկ կնքված պայմանագրերը, ՏՄՊՊՀ-ը որոշեց ընկերությանը տալ խիստ նախազգուշացում: Որոշմամբ սահմանվեց նաև մեկշաբաթյա ժամկետում ավարտել բոլոր պայմանագրերի վերանայումը՝ սակագները նվազեցնելով չհիմնավորված բարձրացման չափով: