տուն Հասարակություն Նոր նախագիծ՝ կառավարությունից. տնտեսվարողները «կսկեն»

Նոր նախագիծ՝ կառավարությունից. տնտեսվարողները «կսկեն»

235
0

Araratnews.am-ին հայտնի է դարձել, որ Ազգային ժողովի աշնանային նստաշրջանում քննարկվելու է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է տեսչական մարմիններին տնտեսվարողներին 3 օր առաջ ստուգման մասին չզգուշացնել:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանն Araratnews.am-ին ասաց՝ ներկայիս օրենքն անտրամաբանական է: «3 օրում տնտեսվարողը վերացնում է իր թերությունները, եւ չես տեսնում իրական պատկերը: Մենք առաջարկել ենք 3 օր առաջ ծանուցելու դրույթը հանել եւ չափագիտական նորմերը ստուգել առանց նախօրոք զգուշացնելու»,- ասաց նա:

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն այլ կարծիքի է. նա համամիտ չէ փոփոխությանը: «Տեսչությունների նպատակը բռնել-տուգանելը չէ: Պետք է հասկանալ, թե այն ինչպես է անդրադառնում տնտեսվարողի վրա: Նա տուգանվելուց հետո կարող է շուկա, աշխատող կորցնել, իր հետ կապ ունեցող 10-20 ընկերությանն էլ խորտակել: Կոպիտ ասած՝ տնտեսվարողը «սկում» է»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:

Գագիկ Մակարյանը հիշեցրեց եվրոպական փորձը՝ ստուգումները կանխարգելիչ բնույթ ունեն: Ստուգման նպատակն է նշել գործատուի թերությունը, ժամանակ տալ նրան՝վերացնելու, չշտկելու դեպքում՝ տուգանել: Իսկ այն, ինչ առաջարկում է Կառավարությունը, Մակարյանը այլասերված փորձ է համարում: «Մեր տնտեսվարողները ցանկանում են գրագետ, թափանցիկ աշխատել, անիմաստ խոսակցությունների մեջ չընկնել, կաշառք չառաջարկել եւ անիմաստ չտուգանվել»,- հավաստիացրեց նա:

Հայաստանի գործատուների միության ղեկավարն առաջարկեց ստուգումների մասին օրենքում դրույթ ավելացնել՝ երկրորդ ստուգումից առաջ տնտեսվարողներին զգուշացում չի լինելու: Գագիկ Մակարյանի մյուս առաջարկը՝ տեսչական մարմինների ճիշտ աշխատելն ու կադրեր ընտրելն է: Հումանիտար կրթությամբ կադրերը չպետք է աշխատեն տեսչական մարմիններում, նրանց փոխարեն պետք է աշխատեն ինժեների կրթությամբ եւ արդյունաբերության ոլորտում աշխատանքի փորձով աշխատակիցներ: Բացի դա, տեսչական մարմինները նախ պետք է ամբողջացնեն խնդիրները, լուծում գտնեն, հետո մտածեն՝ անսպասելի ստուգում պե՞տք է, թե՞ ոչ:

Սոնա Դավթյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here