Araratnews.am-ի թղթակիցը հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանից փորձել է տեղեկանալ, կա՞ որևէ նորություն դերասանի դեմ հարուցված քր. գործի և առողջության հետ կապված: Փաստբանը նշել է, որ դերասանի առողջական վիճակը շարունակում է մնալ ոչ բարվոք, իսկ գործի հետ կապված ամենակարևոր նորությունն այն է, որ փորձաքննության արդյունքում բացառվեցին բոլոր այն կասկածները, թե իբր Վարդան Պետրոսյանը վթարի օրը խմած է եղել: Փաստաբանը նշել է, որ բացի դրանից, գործում ի հայտ են եկել նոր հանգամանքներ, ըստ որի՝ Նիվա մակնիշի ավտոմեքենայի վրա չեն եղել կողային հայելիներ.«Մենք հարցում ենք կատարել, որպեսզի պարզենք, թե մարդն իրավունք ունի՞ տրանսպորտային միջոցը շահագործել առանց կողային հայելիների»: Araratnews.am-ի թղթակցի այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, լինի այնպիսի եզրակացություն, որի պարագայում Վարդան Պետրոսյանն արդարացվի կամ հայտարարվի, որ Նիվա մակնիշի ավտոմեքենայի վարորդը հավասարապես մեղավոր է վթարի համար, Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանել է.«Եթե օբյեկտիվ ճշմարտությունը պարզվի, միայն դրանից հետո հնարավոր կլինի պարզել, թե ով է եղել իրական մեղավորը, կամ ով ինչքան ունի իր մեղքի բաժինը»:
Էմմա Պալյան