Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
« «Իմ քայլը» հիմնադրամն այս տարի կսկսի նոր՝ «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանման» ծրագիրը։
Այս նպատակով Հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի հրավերով այս օրերին Երևանում է UCLA Health-ի Sound Body Sound Mind ծրագրի գործադիր տնօրեն Մեթյու Ֆլիսոքը։ Միացյալ Նահանգներում գործող այս ծրագիրն արդեն բավական ժամանակ է՝ նպաստում է դպրոցներում առողջ ապրելակերպի խթանմանը՝ աշակերտներին և ուսուցիչներին տրամադրելով ժամանակակից մեթոդաբանությամբ ֆիթնես-դասընթացներ, ինչպես նաև աջակցում է դպրոցներին համապատասխան սարքավորումներով։ Մեթյու Ֆլիսոքը Երևանում է՝ որպես ծրագրի խորհրդատու իր փորձը և գիտելիքները մեզ հետ կիսելու, ինչպես նաև հայաստանյան դպրոցների վիճակին և կրթական չափորոշիչներին ծանոթանալու համար: Համարձակ գաղափարներով և առաջարկներով հագեցած մեր հանդիպումներին ու քննարկումներին կանդրադառնանք առաջիկայում՝ առավել մանրամասն ներկայացնելով «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանման» ծրագիրը»։