Գարիկ Մարգարյանը ևս խնդրեց հնարավորություն տալ իրեն ցուցմունք տալ։ Դատարանը բավարարեց նրա միջնորդությունը։ «Արտակ Բայադյանին ես եմ ծեծել, ամբողջ մարմնին, մարմնի տարբեր մասերին հարվածել եմ, դա տևել է մոտավորապես 20-30 վայրկյան»։ Նաև նշեց, որ ամբաստանյալներից ոչ ոք չի մասնակցել այդ ծեծկռտուքին։ Գարիկ Մարգարյանը պատասխանեց մեղադրող կողմի հարցերին, սակայն հրաժարվում է պատասխանել տուժող կողմի հարցերին։ Տիգրան Եգորյանը այնուամենայնիվ շարունակում է հնչեցնել իր հարցերը։
Դատարան. Ձեզնից բացի այլ անձ հարվածե՞լ է Արտակ Բայադյանին։
Գարիկ Մարգարյան. Ոչ։
Դատարան. Արտակ Բայադյանին հարվածելուց հետո ի՞նչ տեղի ունեցավ։
Գարիկ Մարգարյան. Ընկավ գետին և շարունակում էր հայհոյանքներ տալ։
Դատարան. Ընկած ժամանակ հարվածե՞լ եք։
Գարիկ Մարգարյան. Ոչ, չեմ հարվածել։
Դատարան. Որ ձեռքով եք հարվածել։
Գարիկ Մարգարյան. Երկու ձեռքով էլ։
Դատարան. Արման Ադամյանին տեսե՞լ եք այդտեղ։
Գարիկ Մարգարյան. Ոչ, ամառայինի մոտից ուղարկել ենք նրան, քանի որ ինչքան մնում էր իրավիճակը սրվում էր։
Դատարան. Նորայր Հայրապետյանին տեսե՞լ եք։
Գարիկ Մարգարյան. Տեսել եմ Արտակ Բայադյանին հարվածելուց հետո։
Դատարան. Ձեզ առաջադրված մեղադրանքը ընդունո՞ւմ եք։
Գարիկ Մարգարյան. Արտակին ծեծելու մասով՝ այո։
Դատարան. Իսկ Վահե Ավետյանի՞ն։
Գարիկ Մարգարյան.Վահե Ավետյանի հետ ես կոնտակտի մեջ չեմ եղել։