Այս պահին «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում ոստիկանությունը ուժեղ հսկողություն է իրականացնում: Իրավապահ մարմինները թույլ չեն տալիս լրագրողներին աշխատել նույնիսկ հիվանդանոցի տարածքում: Իսկ հիվանդանոց դիմած քաղաքացիներին, եթե նրանց մեջ կան անչափահասներ` ծնողներից միայն մեկին են թույլ տալիս ներս մտնել:
Չի դադարում պարբերաբար շտապօգնության մեքենաների ելքնումուտքը հիվանդանոց: Ներկա պահին հիվանդանոցի բակում մի քանի շտապօգնության մեքենա կա կայանած: Հիվանդանոցի պահակը, հսկիչներն ու ոստիկանության աշխատակիցները ձեռնոցներով ու դիմակներով են:
Հիշեցնենք, որ քիչ առաջ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարեց, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է 2-ով: Այսպիսով վիրուսով ախտահարվածների թիվը հասել է 8-ի:
Հայկ Մագոյան