ԵՊՀ իրանագիտության ամբիոնի ասիստենտ, իրանագետ Արտյոմ Տոնոյանը կարծում է, որ Հայաստանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ մշտապես ունեցել է դրական հարաբերություններ, և այն տեսակետը, թե ԵԱՏՄ շրջանակներում հանդիպումը մեր հարաբերությունների նոր փուլի է բերելու, ճիշտ չէ:
Տոնոյանի կարծիքով, Իրանի՝ ԵԱՏՄ-ի հետ համագործակցելու փորձերը հայ-իրանական հարաբերությունների զարգացման վրա կարող են դրական ազդեցություն ունենալ:
«Կան իրանցի փորձագետներ, ովքեր նշում են, որ կարևոր էր ոչ միայն Իրան-ԵԱՏՄ օրակարգի քննարկումը, այլ նաև Իրան-Հայաստան համագործակցությանը: Հիմնականում դա վերաբերում էր էներգետիկ, տնտեսական համագործակցությանը և շեշտվում էր ճանապարհային ենթակառուցվածքների կարևորության մասին: Նորից շեշտվեց Պարսից ծոցը Հայաստանի տարածքով Սև ծովին կապելու մասին»: Իրանագետի խոսքերով, կարելի է նկատել որոշակի դժգոհություն ադրբեջանական կողմում՝ համագործակցության հետ կապված: Իրանցի փորձագետներն էլ են դա նկատել և բացատրել, որ Իրանը միայն Հայաստանի հետ չէ, որ համագործակցում է: Այն նաև մի շարք տնտեսական պայմանագրեր ունի կնքած Ադրբեջանի հետ, որոնք, ըստ էության, չեն հակասում մեկը մյուսին: