Ինչպես արդեն տեղեկացրել է Araratnews.am –ի թղթակիցը, այսօր ԱԺ-ում Հովիկ Աբրահամյանը խորհրդարանին է ներկայացրել Սյունիքի թիվ 38 ընտրատարածքից ընտրված պատգամավոր Արմեն Կարապետյանին:Առաջին անգամ խորհրդարանում մասնակցելով նիստին` Արմեն Կարապետյանը պատասխանել է լրագրողների մի քանի հարցերի: Նորընտիր պատգամավորը իր առաջին խորհրդարանական օրը բնութագրել է այսպես. «Շատ լավ է»: Հարցադրմանը, թե ինչո՞վ է լավ, նա պատասխանել է. «Ամեն ինչով նորմալ էր, քննարկվեցին հարցեր, առաջին նիստն էր, որ մասնակցել եմ»: Արմեն Կարապետյանը անդրադարձել է նաև այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի, Զարուհի Փոստանջյանի եւ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ տեղի ունեցած թեժ քննարկումներինˋ նշելով, որ դրանք աշխատանքային քննարկումներ են եղել: «Նորմալ աշխատանքային մթնոլորտ էր ԱԺ-ում, ես առաջին նիստն էր, արդեն ասեցի, քվեարկությունը արել եմ, ժամանակին ծանոթացել էին հարցերին, միջազգային պայմանագրերին»: Լրագրողների այն հարցին, թե ով է իրեն սովորեցրել կոճակների տեղը, նա արձագանքել է. «Նայել եմ, անմիջապես կողմնորոշվել եմ, քարտուղարությունը ցույց է տվել, թե որտեղ եմ նստելու»:
Լրագրողների այն դիտարկմանը, թե «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները հայտարարում են, որ Սյունիքում լրացուցիչ ընտրությունների ադյունքները կեղծվել են, պատգամավորն ասել է. «Դա պարտվողի կողմն է, պարտվողները միշտ այդպես են ասում: Եղել են ազատ եւ արդար ընտրություններ»:
Էմմա Պալյան