տուն Հասարակություն Նոյեմբերի 20-ը երեխաների համաշխարհային օրն է. տոնի և դրա հերոսների մասին

Նոյեմբերի 20-ը երեխաների համաշխարհային օրն է. տոնի և դրա հերոսների մասին

290
0

Միջազգային տոնացույցում այս օրը՝ նոյեմբերի 20-ը, հիշատակվում և նշվում է որպես Երեխաների համաշխարհային օր: Հենց այս տարի՝ 2019 թ. նոյեմբերի 20-ին լրանում է նաև Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան 30-ամյակը:

«Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան» պատմության մեջ ամենաարագ և լայնորեն վավերացված մարդու իրավունքների մասին փաստաթուղթն է: Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է «Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան» 1992 թվականին:

Ի՜նչ լավ է, իսկույն կմտածեն մոլորակի կրտսեր քաղաքացիները, լավ է, որ իրենց համար կա նաև տոնական այս օրը՝ Հունիսի 1-ից՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվանից բացի: Առհասարակ, ոչ միայն երեխաների, բայց հատկապես մատաղ սերնդի համար բոլորս՝ ծնողից, մանկավարժից մինչև պետական ենթակառուցվածքներ, պարտավոր ենք ստեղծել արժանապատիվ կյանքի ու կենսագործունեության նպաստավոր պայմաններ, որովհետև հասարակության հենց այդ տարիքային խումբն է, որ առավել խոցելի է՝ իրավունքների պաշտպանվածությունից սկսած մինչև անհատական, սոցիալական, առողջական ու այլ առանձնահատկություններով պայմանավորված գործոններով:

Ինչ, Որտեղ, Երբ. տոնական օրվա նախապատմությունը

1954 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կոչ արեց բոլոր երկրներին միանալ և 1956 թվականից նշել այս օրը։ Օրվա նպատակն է բարելավել երեխաների բարօրությունը, ինչպես նաև ամրապնդել ՄԱԿ-ի՝ տարբեր երկրներում երեխաների պաշտպանության համար իրականացվող աշխատանքները։ Գլխավոր ասամբլեան առաջարկեց այս օրը նշել այն տեսքով և այն օրը, երբ նպատակահարմար է գտնում տվյալ պետությունը։Գլխավոր ասամբլեան իր բանաձևում նշում էր, որ Երեխաների համաշխարհային օրվա ընդունումը միայն և միայն կամրապնդի ազգերի միջև համագործակցությունն ու համերաշխությունը։

Իր գլխավոր փաստաթղթերում ասվում է, որ ՄԱԿ-ը Երեխաների պաշտպանության օրը նոյեմբերի 20֊ն է նշում։ 1959 թվականի հենց այդ օրը ընդունվել է «Երեխաների իրավունքների հռչակագիրը», իսկ 1989 թվականին` «Երեխաների իրավունքների կոնվենցիան»: Երեխաների համաշխարհային օրը տարբեր կազմակերպություններ և ընկերություններ կազմակերպում են բազմաթիվ միջոցառումներ։ Այսպես, Օրինակ McDonald’s ընկերությունը իր այդ օրվա ամբողջ հասույթը փոխանցում է մանկական ֆոնդերին, մանկատներին և հիվանդանոցներին։

Տոնական օրվա ոչ տոնական մտահոգությունների մասին

Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի ընդունումից ի վեր՝ աշխարհի երեխաների կյանքում հսկայական ձեռքբերումներ են գրանցվել: Այնուամենայնիվ, այսօր հրապարակված «Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի խաչմերուկներում» զեկույցը փաստում է, որ ծայրահեղ աղքատության մեջ ապրող շատ ու շատ երեխաներ դեռ մնում են անտեսված:

Ամփոփելով Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 30-ամյակը՝ զեկույցը անդրադառնում է նաև վերջին երեք տասնամյակում գրանցված հաջողություններին՝ ապացուցելով որ քաղաքական կամքի ու վճռականության դեպքում երեխաների կյանքը իսկապես կարելի է ավելի բարեկեցիկ դարձնել:

«Վերջին երեք տասնամյակներում տպավորիչ ձեռբերումներ են գրանցվել. Ավելի ու ավելի շատ երեխաներ այսօր ավելի երկար ու ավելի առողջ են ապրում: Այնուամենայնիվ, նույնը չենք կարող ասել աղքատության մեջ ապրող ու առավել խոցելի երեխաների մասին»,- ասում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը և ընդգծում, որ այսօրվա երեխաները պետք է դիմակայեն ոչ միայն առողջության, սնուցման ու կրթության արդեն հայտնի մարտահրավերների, այլ նաև կլիմայական փոփոխություններով:

Տոնական օրվա ընթացիկ ձեռքբերումների մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ի կազմած զեկույցում, որպես վերջին 3 տասնամյակներում գրանցված ձեռքբերումներ, հիշատակվում են հետևյալ ցուցանիշները՝

  • Աշխարհում մանկական մահացությունը կրճատվել է 60 տոկոսով:
  • Տարրական դպրոցից դուրս մնացող երեխաների մասնաբաժինը 18 տոկոսից նվազել է մինչ 8 տոկոս:
  • Կոնվենցիայի հիմնաքարային սկզբունքները՝ զրո խտրականություն, երեխայի լավագույն շահը, ծնվելու, ապրելու ու զարգանալու իրավունքը և պաշտպանության իրավունքը, ընդգրկվել են և/կամ հիմք են հանդիսացել աշխարհում բազմաթիվ սահմանադրությունների, օրենքների, քաղաքականությունների ու գործունեությունների համար:

Տոնական օրվա հայաստանյան իրողությունները

Հայաստանում մինչև 5 տարեկան ավելի քան 171 000 երեխա մանկապարտեզ չի հաճախում՝ կազմելով աշխարհում նախադպրոցական կրթություն չստացող 175 մլն երեխաների մի մասը: Այս մասին նշված է ՅՈՒՆԻՍԵՖ-ի համապատասխան զեկույցում: Բացի այդ, ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ մանկապարտեզ չհաճախելու հիմնական պատճառներ են. երեխայի մոր չաշխատելը` 53%, մանկապարտեզի բացակայությունը` 28%, այդ ծառայության թանկ լինելը` 4%:

Ըստ ՅՈՒՆԵՍԵՖ-ի տվյալների, Հայաստանում, օրինակ, ծայրահեղ աղքատության մեջ ապրող բնակիչների 9.8 տոկոսը պատասխանել է, որ մոտակա նախադպրոցական հաստատությունը գտնվում է ավելի քան 10 կմ հեռավորության վրա կամ այն շատ թանկ է: Իսկ ըստ 2017 թ-ի բազմաչափ աղքատության ցուցանիշների՝ գյուղական բնակավայրերում երեխաների 22 տոկոսը զրկված է նախադպրոցական կրթությունից, իսկ քաղաքային բնակավայրերում այս ցուցանիշը 17 տոկոս է:

Տոնական օրվա գլխավոր ուղերձը

Յուրաքանչյուր ոք կարող է տոնել Երեխայի համաշխարհային օրը՝

  • Այդ օրը որևէ կերպ կրելով կապույտ գույն
  • Սոցիալական մեդիայի գրառումներում կիրառելով #ForEveryChild կամ #WorldChildrensDay հեշթեգերը
  • Սոցիալական մեդիայի էջում տեղադրելով մանկության լուսանկար և տարածելով մանկության մասին որևէ հուշ կամ էլ կիրառելով թեմատիկ ֆեյսբուքյան շրջանակը
  • Եվ, ի վերջո, այդ օրը նշելով երեխաների հետ և նրանց ձայնի հնարավորություն տալով: