Araratnews-ը ներկայացնում է Նոբելյան մրցանակի հետ հայերի առնչության վերաբերյալ փոքրիկ նյութ:
Նոբելյան մրցանակը գիտության ոլորտում տարվող աշխարհի ամենահեղինակավոր մրցանակն է: Այդ մրցանակի տրման արարողակարգի համաձայն, Նոբելյան կոմիտեի հաստատած կարգով, հատուկ լիազորված անձիք եւ հաստատություններ, ըստ մասնագիտությունների, առաջադրում են տարվա լավագույն արդյունքներն արձանագրած թեկնածուներին, ապա փակ գաղտնի քվեարկությամբ որոշվում է դափնեկիրը:
Վերջին շրջանում, Նոբելյան մրցանակի իրական հավակնորդների ցանկում հայտնվել է Դուբնայի հայտնի ինստիտուտի հայազգի գիտնական Յուրի Հովհաննիսյանը։
Առաջին հայ գիտնականը, որ 9 անգամ առաջադրվել է Նոբելյան մրցանակի, քիմիկոս Լուիջի Ջակոմո (Հակոբ) Չամիչյանն է: Չամիչյանը, ով լուսաքիմիայի հիմնադիրներից է, առաջիններից մեկն է ուսումնասիրել արեգակնային էներգիան լուսաքիմիական ռեակցիաներով վառելանյութի նոր տեսակի վերածելու հնարավորությունները:
Հաջորդ հայ Նոբելյան մրցանակակիր կարող էր լինել ֆիզիկոս Գուրգեն Ասկարյանը:
Ասկարյանը դեռեւս 3-րդ կուրսում շատ կարեւոր մի գաղափար հղացավ լիցքավորված մասնիկները գրանցելու վերաբերյալ:
Բայց նա որեւէ աջակցություն չստացավ : Նա դեռեւս գիտական աշխատանքի փորձ չուներ, նույնիսկ չտպագրեց իր այդ մտահաղացումը եւ բավարարվեց ընդամենը մի քանի ֆիզիկոսների հետ քննարկելով:
Այս հարցում թերեւս ամենաանհաջողակն ամերիկահայ գիտնական Ռայմոնդ Դամադյանն է, ով գրեթե ամեն ինչ արեց բժշկության մեջ ներկայումս լայն կիրառություն գտած մագնիսառեզոնանսային շերտագրության (ՄՌՇ) հայտնագործման ու զարգացման համար, նաեւ հրապարակավ վիճարկեց հայտնագործության առաջնությունը, բայց անօգուտ: Նոբելյան կոմիտեն 2003 թ-ի բժշկագիտության բնագավառի մրցանակը շնորհեց ամերիկացի քիմիկոս դոկտոր Փոլ Քրիստիան Լոտերբուրին եւ բրիտանացի ֆիզիկոս Փիթեր Մենսֆիլդին:
Ռայմոնդ Դամադյանը ծնվել է 1936 թ-ին՝ Նյու Յորքի նահանգի Մելվիլ քաղաքում: 1956 թ-ին Վիսկոնսին-Մեդիսոնի համալսարանում ստացել է մաթեմատիկայի բակալավրի, 1960 թ-ին՝ դոկտորի աստիճան՝ Նյու Յորքի «Ալբերտ Էյնշտեյն» բժշկական վարժարանում: