տուն Քաղաքական Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ նախագահն, անդրադարձ է եղել նաև ԼՂ...

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ նախագահն, անդրադարձ է եղել նաև ԼՂ հիմնախնդրին

147
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիին, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը:

Վարչապետը նշել է, որ ԵԱՀԿ-ն մեր երկրի համար հանդիսանում է կարևոր գործընկեր ոչ միայն երկկողմ համագործակցության, այլև այն առումով, որ կազմակերպության շրջանակում է գործում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մանդատ ունեցող Մինսկի խմբի համանախագահությունը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է համագործակցությունը ԵԱՀԿ ԽՎ-ի շրջանակում  և նշել, որ այն լավ հարթակ է երկխոսության խթանման համար: Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ-ն կշարունակի իր հետևողական գործունեությունը տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման և փոխվստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ և ներկայացրել ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումն ու տեսակետները:

Գեորգի Ծերեթելին բարձր է գնահատել ՀՀ խորհրդարանական պատվիրակության ակտիվ մասնակցությունը ԵԱՀԿ ԽՎ աշխատանքներին: Գեորգի Ծերեթելին ողջունել է մեր երկրում տեղի ունեցող բարեփոխումները, այդ թվում՝ դատաիրավական ոլորտում, ընտրական գործընթացների կազմակերպման, մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության ամրապնդման և այլ ուղղություններով: Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահը վերահաստատել է խաղաղ կարգավորմանը հասնելու ուղղությամբ իր ղեկավարած կառույցի դիրքորոշումը և ընդգծել  խաղաղությանը նպաստող մթնոլորտի ստեղծման անհրաժեշտությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև  միջազգային և տարածաշրջանային նշանակության այլ հարցերի շուրջ: