ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ իրենց նախաձեռնությամբ Գյումրիում անցկացվել է Ռազմավարական պլանավորման աշխատաժողով, որին մասնակցել են կոմիտեի ղեկավար ամբողջ կազմը՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի գլխավորությամբ, պետական այլ մարմինների և միջազգային կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև տարբեր ոլորտի փորձագետներ, տնտեսագետներ։
Քննարկվել են պետական կառավարման ոլորտում ռազմավարական պլանավորման առանձնահատկությունները, ներկայացվել է ՀՀ ՊԵԿ 2020-2024 թթ. զարգացման և վարչարարության ռազմավարական ծրագիրը, որը նախանշում է Պետական եկամուտների կոմիտեի առաջիկա հինգ տարիների զարգացման և իրականացվելիք բարեփոխումների հիմնական ուղղությունները, դրանց իրագործումն ապահովող նախագծերը և անհրաժեշտ միջոցառումները, ինչպես նաև մակրոտնտեսական ցուցանիշների վրա դրանց ազդեցությունը և կանխատեսումները։
Աշխատաժողովի երկրորդ օրը Գյումրիում Ռազմավարական պլանավորման քննարկումներին միացել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Բացման խոսքով հանդես են եկել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը:
Նշենք, որ աշխատաժողովը կազմակերպվել է «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» (ՄԻԲՄԱ) ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Հայաստանում Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի հետ համագործակցության արդյունքում: