Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հայտնվել է սկանդալի կենտրոնում այն բանից հետո, երբ 2007-2012 թվականների ընթացքում նրա անձնական բանակցությունների ձայնագրությունը հրապարակվել է Le Canard Enchaine ամսագրում և Atlantico կայքում։ Այս մասին գրում է Agence France-Presse-ը։
Պարզվում է, որ նախկին նախագահը երբեմն բավականին կոշտ է արտահայտվել որոշ նախարարների մասին, իսկ նրանց զայրացրել է այն փաստը, որ պաշտոնական որոշ հանդիպումներին ներկա է գտնվել Սարկոզիի կինը՝ Կարլա Բրունին։
Լրագրողները պնդում են, որ իրենց ձեռքում կան Սարկոզիի անձնական խոսակցությունների մեծ քանակությամբ ձայնագրություններ, որոնք դեռ չեն հրապարակվել։
Ինքը Սարկոզին, ինչպես նաև ֆրանսիացի քաղաքական գործիչները կատարվածն անվանել են «զզվելի և անընդունելի»։ Նախկին նախագահին դավաճանելու համար մեղադրվում է Սարկոզիի նախկին քաղաքական հարցերով խորհրդական Պատրիկ Բիսոնը, ով չի հերքել, որ խոսակցությունները հենց ինքն է ձայնագրել։