Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը պնդում է, որ Նիգերիայի իշխանությունները տեղյակ էին, որ «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորման գրոհայինները պատրաստվում են հարձակվել դպրոցի վրա, սակայն ոչ մի քայլ չձեռնարկեցին, որի արդյունքում 200-ից ավելի աշակերտուհիներ առևանգվեցին։ Հաղորդում է BBC-ն։
Կազմակերպության ներկայացուցիչները հայտնել են, որ պարեկային ծառայություն իրականացնող ոստիկանները Նիգերիայի անվտանգության ուժերին տեղեկացրել են, որ գրոհայինները դպրոցի վրա հարձակում են նախապատրաստում։
Amnesty International-ն իշխանությունների անգործությունը բացատրել է այն հանգամանքով, որ անվտանգության ուժերը չունեն անհրաժեշտ քանակությամբ ռեսուրսներ գրոհայիններին դիմադրություն ցուցաբերելու համար։
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին «Բոկո Հարամ» խմբավորման գրոհայինները հարձակվել էին աղջիկների համար նախատեսված դպրոցի վրա՝ առևանգելով 276 աշակերտուհիների։ Նրանցից 53-ին հաջողվել էր փախչել, իսկ 223-ը շարունակում են մինչ օրս պատանդ մնալ։
2004 թվականին ստեղծված «Բոկո Հարամ» խմբավորման անդամներն իրենց անվանում են նիգերիական «թալիբներ» և ցանկանում են երկրի հյուսիսում պետություն ստեղծել, որը պետք է կառավարվի շարիաթի խիստ նորմերով։ «Բոկո Հարամը» թարգմանաբար նշանակում է «արևմտյան կրթությունը մեղք է», և ծայրահեղականներն իրենց գլխավոր խնդիրներից մեկը համարում են հենց դպրոցների վրա հարձակումը։