«Միդիա-Շանգալ եզդիների ազգային միություն» հասարակական կազմակերպությունը նամակով դիմել է Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի
Նախագահ պարոն Գ. Հարությունյանին: Այս մասին AraratNews.am-ին ասաց կազմակերպության խորհրդի նախագահ Ամո Շարոյանը:
Նամակում մասնավորապես նշվում է.«ՀՀ Սահմանադրության 41-րդ հոդվածի համաձայն, յուրաքանչյուր ոք ունի իր ազգային և էթնիկական ինքնությունը պահպանելու իրավունք:
Ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք ունեն իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման և զարգացման իրավունք:
Նշված սահմանադրաիրավական նորմի վերլուծությունից հետևում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են ազգային փոքրամասնությունների այնպիսի ոչ պակաս կարևոր նշանակություն ունեցող իրավունքներ, ինչպիսիք են կրոնական, լեզվական և մշակութային կյանքին մասնակցելու իրավունքը:
Սակայն, ոչ պակաս կարևորություն, իսկ երբեմն հրատապություն է ներկայացնում այն հիմնախնդիրը, որը վերաբերում է ազգային փոքրամասնությունների կողմից իշխանությունների իրականացմանը մասնակցելու լրացուցիչ երաշխիքներ սահմանելուն: Մենք բոլորս էլ քաջ գիտենք, որ Հայաստանի տարածքում ազգամիջյան հարաբերությունների ամբողջ պատմությունը հավաստել է, որ Հայերն ավանադաբար բարյացակամ և հանդուրժող վերաբերմունք են ունեցել իրենց երկրում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ: Հայաստանի Հանրապետության անկախացումից անցել է արդեն 22 տարի, որի ընթացքում մեզ հայտնի չեն դեպքեր, երբ ազգային փոքրամասնության ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ քաղաքացիներին պետական եւ հասարակական կյանքին ներգրավվելու լրացուցիչ հնարավորություններ ստեղծվեն, առանց նման պայմանների անգամ ամենաժողովրդավարական երկրում ազգային փոքրամասնությունները որևէ հաջողության չեն հասնի:
Այսպես, գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետությունում հայերից հետո առավել մեծ թվով ապրում են եզդիները , որոնք որևէ ձևով ներգրավված չեն պետական իշխանության համակարգում գոյություն ունեցող աշխատանքներում: Համեմատության կարգով կարող ենք ասել, որ մինչ ՀՀ անկախացումը գոյություն ուներ հետևյալ մոտեցումը՝ եթե ՀՀ տարածքի որոշ շրջաններում որտեղ կոմպակտ բնակվում էին ազգային փոքրամասնություններ, ապա շատ պետական հաստատություններում ղեկավարը կամ ղեկավարի տեղակալը պարտադիր եղել է տվյալ տարածքում բնակվող ազգային փոքրամասնության ներկայացուցիչը: Հայաստանի գերագույն խորհրդի նախագահության անդամ, գյուղատնտեսության և տրանսպորտի նախարարության պատասխանատու պաշտոններ, ոստիկանության բաժնի պետի կամ տեղակալի, ՀՀ դատախազության քննչական վարչության և նման մի շարք այլ պատասխանատու պաշտոններում տարիներ շարունակ պաշտոնավարել են հենց մեր հայրենակից ազգակիցները, որոնց նշանակման հարցում եղել են առանձնահատուկ մոտեցումներ:
Ներկա իրավիճակում, ցավոք սրտի, ըստ էության, կարելի է ասել, որ պատասխանատու պաշտոններ զբաղեցնող ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ չկան, իհարկե սա չի նշանակում որ նման մասնագիտության տեր կադրերի պակաս ունենք, բնավ էլ այդպես չէ, դա ավելի շուտ անտեսության,անտարբերության կամ պարզապես պետական մարմիների կողմից աննկատությունն է հանգեցրել դրան:
Վերոշարադրյալի հաշվառմամբ, և նկատի ունենալով որ ՀՀ Սահմանադրության 41-րդ հոդվածում նախատեսված երաշխիքները անվերապահորեն կատարվում են, ուստի առաջարկվում է Հանձնաժողովին՝ քննարկել ազգային փոքրամասնություններին վերաբերող սահմանադրական դրույթի վերանայման նպատակահարմարության հարցը, որը, մեր խորին համոզմամբ, էլ ավելի կհեշտացնի ազգային փոքրամասնություններին ներգրավվելու պետական իշխանության իրականացման գործընթացին: Առավել ևս, նման առաջարկ արվում է մի այնպիսի պետությունում որի էթնիկ ժողովրդի մի ստվար զանգված, գտնվելով սփյուռքում, եզդիների հետ միասին արժանացել է պետության նման վերաբերմունքի: Իսկ այն պետություններում, որտեղ պետական քաղաքականությունը լիարժեք չէ, հայկական և եզդիական համայնքները պարբերաբար բարձրացնում են այդ հարցերը: Մեր կողմից առաջարկում ենք,
ՀՀ Սահմանադրության 41-րդ հոդվածում ավելացնել դրույթ հետևյալ խմբագրությամբ՝ Ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների համակարգում ներգրավվելու երաշխիքները սահմանվում են օրենքով:
Իհարկե, այս դրույթի հիման վրա անհրաժեշտություն կառաջանա մշակել օրենքի նախագիծ «Ազգային փոքրամասնության կարգավիճակի մասին»:
Միաժամանակ, առաջարկում ենք ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածում «Ազգային ժողովը կազմված է հարյուր երեսումեկ պատգամավորից» բառերից հետո ավելացնել դրույթ, որոնցից 25-30 տոկոսը լինեն կանայք, իսկ 3-4 տոկոսը՝ ազգային փոքրամասնության ներկայացույցիչներ:
ՀՀ Սահմանադրության 99-րդ հոդվածում «Սահմանադրական դատարանը կազմված է ինն անդամից», որոնցից նվազագույնը մեկ անդամը լինի ազգային փոքրամասնության ներկայացույցիչ: Հայտնելով վերոգրյալի մասին, խնդրում ենք Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ հանձնաժողովի անդամներին՝ հաշվի առնել նաև «Միդիա-Շանգալ» Եզդիների Ազգային միավորում» ՀԿ-ի անդամների և համակիրների առաջարկությունները»,-նշվում է նամակում:
տուն Լուրեր Ներկա իրավիճակում պատասխանատու պաշտոններ զբաղեցնող ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ չկան