Մենք միջազգային ներդրողներին լավ «մեսիջ» չենք հղում։ Այս մասին ԱԺ-ում ասուլիսի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով ներդրումային ոլորտում առկա հստակեցման անհրաժեշտությանը։
Պատգամավորի խոսքով, միջազգային ներդրողները հետևում են՝ երկրում ինչ է կատարվում․ «Եթե կառավարությունը չի կարողանում ձևավորել ներդրումների գոնե նվազագույնի միջավայր, ուրեմն դա լավ բանի մասին չի խոսում»։
Ըստ նրա՝ երկրից ներդրումներն արտահոսում են․ «Փողը հանգիստ իրացվելու տեղ չունի։ Ներդրումային քաղաքականությունը սիրում է հանգստություն և որոշակի երաշխիքներ։ Մենք գտնում ենք, որ ներդրումային քաղաքականության խաղի կանոնները սահմանված չեն»։
ԲՀԿ-ական պատգամավորի խոսքով, ներդրողը գալիս է Հայաստան, ստիպված գնում է մարզպետարան, հետո ինչ-որ համայնք՝ թույլտվության համար, գնա լիցենզիա ստանա․ «Սենց չեն աշխատում, ներդրող կա՝ գալիս է մեկ օրով կամ մեկ ժամով, իրեն պետք է գրավիչ պայման»։