Վերջին տարիներին լայն ճանաչում վայելող «Նեմրա» ռոք խումբը համերգային ծրագրով ներկայացավ Գրքի երևանյան փառատոնին՝ կատարելով խմբի լավագույն ստեղծագործությունները՝ «I’m a liar», «Born in 94», «Նարե» և այլ գործեր:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում խմբի մենակատար Վան Եղիազարյանն ասել է, որ նման փառատոնները ինչ-որ չափով դերակատարություն են ունենում սերունդներին կրթելու գործում, քանի որ մեծացնում են գականության հանդեպ հետաքրքրությունը:
«Վերջին տարիներին ժամանակի սղության պատճառով գրեթե չեմ ընթերցում, բայց նախընտրում եմ կենսագրական գրքեր: Գրքի լավ կողմն այն է, որ կարդալիս զարգացնում ես երևակայությունդ և սեփական գույներով ես տեսնում այն պատկերները, որոնք նկարագրվում են ստեղծագործության մեջ: Նույնը չեմ կարող ասել ֆիլմերի մասին, որովհետև դիտում ես ռեժիսորի ստեղծած պատկերն ու ջանք անգամ չես գործադրում երևակայելու համար»,-ասաց Վանը:
Նա շեշտեց, որ տաղավարներից մեկում նկատել է մանուկների համար նախատեսված մի գիրք, որի վրա նաև ստեղնաշարային գործիքներ կան: «Այն ինձ շատ հետաքրքրեց: Անպայման գնելու եմ»,-նշեց մեներգիչը:
Խմբի անդամ Մարիաննա Կարակեյանը, որը ստեղնաշարային գործիքներ է նվագում, խոստովանեց, որ իր համար կարևոր էր Գրքի երևանյան փառատոնին մասնակցությունը, որովհետև այլ դեպքերում երբեմն ժամանակ չի լինում շրջել գրախանութներում և գտնել անհրաժեշտ գրականությունը, իսկ այստեղ զեղչերով գրքեր են ներկայացնում մի շարք հրատարակչություններ, գրախանութներ: «Ծանոթանում ենք գրքերի բովանդակությանը, զննում նկարազարդումները: Նմանատիպ միջոցառումներին ավելի հեշտ է կողմնորոշվել, թե ինչ գնել»,-ընդգծեց Մարիաննան ու հավելեց, որ դեռ գիրք չի գնել, բայց ուսումնասիրելու է ներկայացված գործերն ու ընտրություն է կատարելու:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում: