Աֆրիկյանների շենքը չեն քանդում, ապամոնտաժում են: Այս մասին այսօր կառավարության շենքի առջև լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:
«Բոլոր տարիների գլխավոր հատակագծերով հաստատված է, որ Տերյան փողոցը պետք է լայնանա: Շենքը պետք է ապամոնտաժվի և, պարտադիր, առաջիկայում կսկսվի «Հին Երևան» ծրագիրը, որտեղ ամբողջությամբ այդ շենքը կվերականգվի: Ես ասել եմ, որ ես ինքս ամբողջապես վերցնում եմ այդ պատասխանատվությունը, որ նույնությամբ և շատ բարձր որակով այդ ամեն ինչը կարվի: Որևիցե մեկը ցանկություն չունի, որ այդ շենքը վնասվի, պարզապես այդ փողոցը պետք է լայնանա»,-ասում է Սարգսյանը:
Նա նշում է, որ թե´ Հյուսիսային պողոտայի մասում, թե´ մինչև Զաքյան փողոց՝ Տերյանը վերջնականապես կբացվի:
Այն հարցին, թե ինչպես է նախարարը վերաբերվում նրան, որ Աֆրիկյանների շենքի տեղում հյուրանոց պետք է կառուցվի, Նարեկ Սարգսյանը պատասխանեց.
«Այնտեղ օրենքով չարգելված ցանկացած բան կարող են կառուցել: Խնդիր չի դա: Դա իրացման տարածք է և կարող են բնակելի, հասարակական որեւիցե բան կառուցել: Մեկը մյուսի հետ կապ չունի: Աֆրիկյանների շենքը անզեն աչքով էլ եթե տեսնեք՝ 4 մետր մտած է Տերյան փողոցի մեջ: Իսկ նոր շինությունը, եթե կառուցվի փողոցի մեջ չի լինի: Բացառվում է այդպիսի բան»,-ասաց Սարգսյանը:
Լիլիթ Առաքելյան