Այսօր Ազգային Ժողովում Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող գազի սակագնի վերաբերյալ քննարկմանը ՀՀ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը նշեց, որ 2010-ից սկսած ՀՀ Կառավարությունը բանակցել է նաեւ Իրանի հետ:
«Հինգ անգամ բարձր մակարդակով հանդիպումներ եմ ունեցելˋ մտածելով որ որոշակի քանակությամբ գազ հնարավոր է ներկրել: Ես հանդիպել եմ եւ Իրանի արտգործնախարարի հետ եւ գազային այլ ընկերությունների ներկայացուցիների հետ: Սակայն իրենց մոտ մի սկզբունք կա, որ չեն կարող հարեւան երկրների համար այլ սկզբունքներ կիրառել: Բոլորի համա պետք է գնագոյացման նույն մոտեցումը լինի եւ այդպես առաջանում էր 400 դոլարից բարձր գին, իսկ մեր հնարավորությունները մեծ չի եւ դրա համար մենք ընտրեցինք այս ճանապարհը»,-ասաց Մովսիսյանը:
Հիշեցնեք, որ վերջերս Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեյիսին հայտարարել էր, որ Իրանի հետ ՀՀ Կառավարությունը երբեք էլ չի բանակցել գազի ներկրման եւ դրա սակագնի վերաբերյալ, իսկ եթե բանակցություններ լինեին, բարեկամ երկրների համար հնարավոր է, որ գազի սակագինը սահմանին լիներ 100 դոլար:
ԱԺ-ի անկախ պատագամավոր Էդմոն Մարուքյանը, հիշատակելով Իրանի դեսպանի այս հայատարարությունը, հարց ուղղեց Արմեն Մովսիսյանին, թե ինչպե ՞ս է նախարարը հակառակը պնդում:
Նա հավելեց, նաեւ, որ Վանաձորում իրեն մոտեցել է մի մարդ ու հարցրել, թե գազը, երբ որ թանկացավ, կառավարությունն ասաց, որ 30 տոկոս կսուբսիդավորի, ու ասաց՝ ձեր համար չի թանկանա հարգելի ժողովուրդ:
«Հետո հայատարարեց, որ մենք համաձայնագիր ենք կնքել, 30 տոկոս մաքսատուրքը դուրս է գալիս, եւ ասվեց, որ քաղաքական գործիչների կողմից գազը կէժանանա, մարդիկ էլ ուրախացան: Հետո հայտարարվեց, որ գազը չի թանականալու, բայց եւ չի էժանանանալու: Կառավարությունը ասում էր, որ 30 տոկոս կսուբսիդավորի, հիմա եթե սուբսիդավորի, գազը պետք է էժանանա 30 տոկոս: Ինչպե՞ս է լինելու»,-հարց ուղղեց Մարուքյանը:
Էներգետիկայի նախարարը պատասխանեց, որ գազի գինը չի փոփոխվելու, իսկ ինչ վերաբերվում է 30 տոկոս սուբսիդավորմանը՝ ուղղակի դրա կարիքն այսօր չկա:
«Իսկ նավթամթերքների մասով ազդեցություն ունենալու է՝ էժանանալու է»,-հավելեց Մովսիսյանը: