Ռուսաստանի ամենագլխավոր ընդդիմադիրներից մեկը՝ Ալեքսեյ Նավալնին հրապարակել է Պուտինի մտերիմ ընկերներ Ռոտենբերգ եղբայրների ապարանքների լուսանկարները, ովքեր իրենց ունեցվածքը դիզել են «պետպատվերների» կատարման շնորհիվ։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։
«Արկադի եւ Բորիս Ռոտենբերգները ավարտել են ֆիզկուլտուրայի ինստիտուտը։ Նրանք ոչինչ չեն ստեղծել, ոչ մի նոր բան չեն հայտնագործել։ Նրանք մեզ «այֆոններ», սոցցանցեր կամ հաջող ներդրման ծրագրեր չեն տվել։ Նրանք Վլադիմիր Պուտինի ընկերներն են, եւ երբ վերջինս եկավ իշխանության, դարձան Գազպրոմին խողովակներ վաճառելու միջնորդներ։ Հենց այդ գործարքի ժամանակ էլ աշխատեցին իրենց առաջին միլիարդները։ Հիմա Ռոտենբերգ եղբայրները «պետպատվերի արքաներն» են։ Նրանք զարմանալիորեն հաղթում են երկրի բոլոր «համեղ» տենդերներին եւ կարողութուն են դիզում բյուջետային միջոցներով, որոնք հատկացվում են ճանապարհների, կամուրջների, մետրոների եւ նման շինարարությունների համար։ Մենք չգիտենք, թե քանի սենյակ, ննջարան եւ մուշտակապահուստներ կան այս……. տներում, բայց տպավորիչ տեսք ունեն»,- նշել է Նավալնին։
Ռոտենբերգ եղբայրների պալատները ընդդիմադիր քաղաքական գործիչը համեմատել է աշխարհի ամենահարուստ մարդկանց՝ Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի, ինչպես նաեւ Facebook սոցցանցի ստեղծող Մարկ Ցուկերբերգի տների հետ։
«Ինձ ճիշտ հասկացեք. Ես դեմ չեմ հարուստ մարդկանց, պալատներին, շատրվաններին կամ կիպարիսներին։ Ես անգամ կողմ եմ դրանց։ Ուղղակի ես կուզեի, որ կիպարիսներն ու շատրվանները ստանային նրանք, ովքեր շատ են աշխատում եւ հասարակության համար հանրօգուտ աշխատանք են կատարում։ Իսկ այս եղբայրների ամբողջ բիզնեսը կառուցված է այս ժեստի վրա»,- գրել է Նավալնին՝ տեղադրելով տեսանյութ, որտեղ Պուտինը շոյում է տղամարդու գլուխը։