Հայաստանում եզդիներով բնակեցված երկու տասնյակից ավելի գյուղեր կան: Ինչպես տեղեկացնում է «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը, եզդիաբնակ ոչ մի գյուղում մանկապարտեզ չկա: Կազմակերպության խորհրդի անդամ Համլետ Սմոյանը կարծում է, որ այս հանգամանքը խանգարում է եզդի երեխաներին լիարժեք ինտեգրվել հասարակությանը. «Մանկապարտեզը հնարավորություն է տալիս երեխաներին ինտեգրվել հասարակությանը, մոտ լինել իրենց տարեկիցներին և բացահայտել սեփական կարողությունները դեռևս վաղ հասակից: Այս տեսանկյունից շատ կարևոր է, որպեսզի եզդիաբնակ գյուղերում լինեն մանկապարտեզներ»,- ասաց մեր զրուցակիցը, ավելացնելով, որ իրենց համար այս խնդիրը կարևորագույն խնդիրներից մեկն է: Կազմակերպությունը խնդիրի մասին նամակով դիմել է կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանին և ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Էլինար Վարդանյանին: Նամակում մասնավորապես ասվում է.«Հայաստանում կա երկու տասնյակից ավելի եզդիաբնակ գյուղ: Եզդիական ոչ մի գյուղում չկա մանկապարտեզ: Մանկապարտեզների բացակայությունը խանգարում է եզդի երեխաներին լիարժեք ինտեգրվել հասարակությանը: Մենք հասկանում ենք, որ Հայասանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը թույլ չի տալիս մանկապարտեզներ ունենալ բոլոր գյուղերում: «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը հետազոտություն է իրականացրել, որի արդյունքում պարզվել է, որ եզդիաբնակ բոլոր գյուղերում մանկապարտեզ ունենալու անհրաժեշտությունը նկատվում է: Այդ իսկ պատճառով խնդրում ենք, որպեսզի պետության հնարավորությամբ մեկ մանկապարտեզ ստեղծվի Արագածոտնի մարզի կամ Ապարանի կամ Թալինի տարածաշրջանի եզդիաբնակ գյուղերից մեկում: Մնացյալ գյուղերի եզդի երեխաներին մանկապարտեզի դասընթացներին մասնակցելու համար կազմակերպությունը պատրաստ է ապահովել տրանսպորտային միջոց: Պատրաստ ենք առաջարկի մանրամասնները ներկայացնել նաև հանդիպման ընթացքում»:
Կազմակերպության խորհրդի անդամ Համլետ Սմոյանը մեզ հետ զրույցում հույս հայտնեց, որ իրենց մտահոգությունները հաշվի կառնվեն և խնդիրը որևէ կերպ լուծում կստանա.«Մենք հույս ունենք, որ ուշադրություն կդարձնեն խնդրին և լուծումներ կառաջարկեն»,- եզրափակեց իր խոսքը Համլետ Սմոյանը: