Երեկ Բելառուսի Հանրապետությունում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստը, որի ժամանակ քննարկվել է Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի և Ղրղզստանի անդամակցության հարցը: Քննարկման է ներկայացվել և հաստատվել Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի միանալու մասին որոշման նախագիծը, Եվրասիական ինտեգրացիոն գործընթացին Հայաստանի մասնակցության մասին հայտարարությունը ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության միջև փոխգործակցության խորացման մասին հուշագիրը:
Հատկանշական է, որ Հայաստանի հետ Մաքսային միությանը միանալու համար հայտ ներկայացրած Ղրղզստանը մասնակցում էր ընդամենը փոխվարչապետի մակարդակով` ինչը արտահայտում է նաև այդ պետության վերաբերմունքը այս միությանը: Հետաքրքրական է նաև այն, որ Ղրղզստանը պահանջում է Մաքսային միությանը միանալու համար անհրաժեշտ որոշ փաստաթղթեր հանել օրակարգից, իսկ Սերժ Սարգսյանը խնդրել է հնարավորություն տալ Հայաստանին հնարավորինս արագ ստորագրելու անհրաժեշտ փաստաթղթերը, նշելով` որ Հայաստանը պատրաստ է ամբողջովին վավերացնել պահանջվող բոլոր փաստաթղթերը:
Փաստորեն, Սերժ Սարգսյանը պատրաստ է Հայաստանի անունից ստորագրել ցանկացած փաստաթղթի տակ, միայն թե որքան հնարավոր է շուտ ստանա դե ֆակտո Ռուսաստանի Դաշնության նահանգապետի կարգավիճակը: Նման շտապողականությունից կարելի է ենթադրել, որ Սերժ Սարգսյանը վախեցած է ինչ-որ բանից, անդամակցության երկարաձգման պայմաններում կարող է ունենալ կորուստներ և այդ կորուստները ճակատագրական կարող են լինել վերջինիս համար: Դրա համար պատրաստ է անել ամեն ինչ, անգամ մաքսակետ տեղադրել Լեռնային Ղարաբաղի հետ սահմանային գոտում: Իսկ Հայաստանի անդամակցության պայմաններում փաստացի ԼՂՀ-ն դուրս է մնում միասնական մաքսային գոտուց: Այս դեպքում ՀՀ-ն անուղղակիորեն ճանաչում է ԼՂՀ-ի՝ այլ պետության տարածք լինելը: Միաժամանակ չճանաչելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, դրանով իսկ` ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, փաստացի ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ ԼՂՀ տարածքների վրա:
Միջազգային իրավունքի դիտանկյունից այս իրավիճակը բարենպաստ պայմաններ է ստեղծում Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների իրականացման համար, քանի որ աշխարհի կողմից ճանաչված է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը` ոչ: Այս պայմաններում իրավական առումով ԼՂՀ-ն հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության մաս:
Այսպիսով, այն թեզերը, որ նման որոշում է կայացվել ՀՀ և ԼՂՀ անվտանգությունից ելնելով, փաստացի հերքվում են: Ավելի քան հստակ է, որ այդ որոշումը կայացվել է իշխանության և կուտակված կապիտալի կորուստի վախից: Այդ վախը այնքան մեծ է, որ քայլերը չտեղավորվեցին անգամ պետական շահերից նվազագույնս բխող դիվանագիտության տրամաբանության մեջ: Ռուսաստանին ամեն գնով անհրաժեշտ էր Հայաստանին հետ պահել Եվրաինտեգրացիայից, հետևաբար կարելի էր օգտվել դրանից ու գոնե ավելի թանկ վաճառվել:
Սակայն դա քիչ թեշատ արժանապատվություն ունեցող գործիչների մենաշնորհն է, իսկ սովետական կուսակցական դպրոցներում ուսանած Սերժ Սարգսյանի համար Մոսկվան միշտ կմնա հրահանգչի դերում: Սա դաս, որ առավելագույնը նահանգապետի պոտենցիալ ունեցող անձանց պետք չէ թույլ տալ հասնել նախագահի աթոռին:
Նարեկ Ամյան