Կիրակի օրը Ադրբեջանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցությունը նոր գումարման Միլի մեջլիսում առնվազն 65 պատգամավոր կունենա: Այդ մասին այսօր առավոտյան Բաքվում ասուլիսի ժամանակ հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովը: Նրա խոսքով՝ այս տվյալները ստացվել են քվեաթերթիկների 87 տոկոսի հաշվարկից հետո՝ տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Բացառապես մեծամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունների ընթացքում մի շարք ընտրատարածքներում հաջողության են հասել նաև անկախ պատգամավորները, որոնց մեծ մասը, սակայն, սերտ կապեր ունի իշխող կուսակցության հետ:
Անկախ մամուլում և սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունների համաձայն՝ ընտրություններն ուղեկցվել են բազմաթիվ խախտումներով: Խոսքը, մասնավորաբար, լցոնումների, բազմակի քվեարկության դեպքերի, ինչպես նաև անկախ դիտորդների աշխատանքին խոչընդոտելու մասին է:
Կիրակնօրյա քվեարկությունը նաև աչքի է ընկել ադրբեջանցի ընտրողների համեմատական պասիվությամբ: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրողների մոտ 47 տոկոսը, որն 8 տոկոսով պակաս է նախորդ խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրված ցուցանիշից: