Օրեր առաջ «Փաստերի ստուգման հարթակը» հրապարակել է «Պաշտոնատար անձանց աշխատավարձերը՝ նախքան վարչապետի հանձնարարականը» վերտառությամբ հոդված, որտեղ անդրադարձել են պաշտոնյաների աշխատավարձերին: Ըստ հոդվածի՝ մինչ վարչապետի հանձնարարականը պաշտոնյաները ստացել են բարձր աշխատավարձ: Մասնավորապես՝ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը, նախկին փոխնախարարներ Սուրեն Քրմոյանն ու Արթուր Հովհաննիսյանը: Զեյնալյանի ամսական միջին աշխատավարձը եղել է 1 մլն 200 հազար, Քրմոյանինը՝ 1 մլն 380, Արթուր Հովհաննիսյանինը՝ ամսական միջին եկամուտը կազմում է շուրջ 2 մլն 300 հազար դրամ։
Araratnews.am-ը զանգահարեց վերոնշյալ նախկին պաշտոնյաներին՝ պարզաբանում լսելու: Արտակ Զեյնալյանն ասաց զբաղված է, չնայած լսեց մեր հարցը:
Արդարադատության նախկին փոխնախարար, փաստաբան Արթուր Հովհաննիսյանն էլ ասաց՝ հոդվածագրի եզրահանգումը ճիշտ չէ, քանի որ աշխատանքից ազատվելուց հետո ստանում է վերջնահաշվարկ: «Ես մի քանի տարի արձակուրդ չեմ գնացել ամբողջ ծավալով: Դա նշանակում է՝ արձակուրդները կուտակվում են, անձը այդ գումարը ստանում է վերջնահաշվարկի տեսքով: Իմ ամսական աշխատավարձը պարգեւավճարի հետ չի համապատասխանում այն գումարին, որը հրապարակել են»,- ասաց պարոն Հովհաննիսյանը:
Հարցին՝ ինչքան է եղել Արթուր Հովհաննիսյանի ամսական միջին եկամուտը, նախկին փոխնախարարը դժվարացավ ստույգ թիվ ասել: «Որքան հիշում եմ՝ 1մլն 200.000 դրամ է եղել»,- ասաց պարոն Հովհաննիսյանը:
Արդարադատության նախկին մյուս փոխնախարար, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոյանն էլ մեզ ասաց. «Հաշվի չեն առել այն, որ ես ազատվել եմ 2019 թվականի մարտին: Ստացել եմ վերջին տարիներին չգնացած արձակուրդի վերջնահաշվարկը, այդ պատճառով էլ այդպիսի թիվ է ստացվել: Միջինացված եկամուտը սխալ է, քանի որ ես եւ ոչ մի պաշտոնյա չէր կարող այդքան գումար ստանալ»:
Ի դեպ, արդարադատության նախկին փոխնախարարների ազատման պատճառը, ըստ Արտակ Զեյնալյանի, քաղաքական էր, հետևաբար Սուրեն Քրմոյանին հարցրինք՝ փոխվարչապետ Ավինյանը նրան խորհրդական նշանակելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ խորհրդակցե՞լ է: «Այդ ինֆորմացիային չեմ տիրապետում: Ես պետական ծառայող եմ: Առաջարկել են տեղափոխվել, ես համաձայնել եմ, քանի որ այն աշխատանքը, որն անում եմ, համապատասխանում է մասնագիտական ունակություններին: Մնացած ենթատեքստերը, քննարկումները… տեղյակ չեմ, ոչ էլ ուզում եմ տեղյակ լինեմ: Ես քաղաքականությամբ չեմ զբաղվել, չեմ էլ պատրաստվում»,- պատասխանեց Սուրեն Քրմոյանը:
Սոնա Դավթյան