Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախկին փոխնախարար Արեւիկ Անափիոսյանին Araratnews.am-ն այսօր հարցրեց՝ հավաստի՞ է այն տեղեկությունը, թե իր` փոխնախարարի պաշտոնից ազատման պատճառը տնից կատարված գողությունն է, որի ժամանակ հազարավոր դոլարներ են տարել:
Հիշեցնենք՝ 2020 թ. հունվարին տեղեկություն հրապարակվեց, որ գողություն է եղել Արևիկ Անափիոսյանի տնից: Փոխնախարարը հաստատել էր տեղեկությունը:
«Իրատես» թերթն այսօր գրել էր, որ փոխնախարարի տնից հանված դոլարների ծագման «գաղտնիքն» հայտնի է դարձել իշխանություններին, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանին:
Նախկին պաշտոնյան, որն արդեն Հայաստանում չէ, մեկնել է ԱՄՆ՝ սովորելու, մեզ հետ զրույցում հերքեց տեղեկությունը: «Այդպիսի գումար չի կարող լինել: Ցանկալի կլիներ, որ լրատվամիջոցն ուսումնասիրեր իմ հայտարարագրերը»,- հավաստիացրեց տիկին Անափիոսյանը:
Արդյոք գտնվել է գողոնը, մեղավորները պատժվե՞լ են, մեր զրուցակիցն ասաց՝ տեղյակ չէ:
Մեր այն դիտարկմանը, թե «սորոսականների» աջակցությամբ է մեկնել ԱՄՆ՝ ուսանելու, Արևիկ Անափիոսյանն ասաց, որ այլեւս չի կարող խոսել, քանի որ ԱՄՆ-ում արդեն կեսգիշերն անց է:
Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովից տեղեկանում ենք, որ Արևիկ Անափիոսյանը նախորդ տարվա վերջին հայտարարագրել է 19.000 դոլար եւ 5 մլն դրամ։
Սոնա Դավթյան