ՀՀ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի դեմ գործով այսօրվա նախնական դատական նիստում հայցվորի ու պատասխանողի ներկայացուցիչներ Մարտին Զիլֆուղարյանն ու Մուշեղ Շուշանյանը ներկայացրեցին, իրենց պատկերացմամբ, ապացուցման ենթակա հանգամանքները: Հայցվորի ներկայացուցիչ Մարտին Զիլֆուղարյանը պնդեց, որ 2013թ. հունիսի 12-ին «Առավոտ» օրաթերթում հրապարակված «Կրակել է իրենից հղի սիրուհու վրա և սպանել չծնված երեխային» վերտառությամբ հոդվածում տեղ են գտել զրպարտություն հանդիսացող տեղեկություններ: Այսպես, մասնավորապես, ըստ հրապարակման` Սուրիկ Խաչատրյանն սպանելու նպատակով կրակել է իր սիրուհու՝ հղի Արևիկ Միրզոյանի վրա: Նրա կյանքը հաջողվել է փրկել, իսկ դեռ չծնված երեխայինը՝ ոչ: Ս.Խաչատրյանն, ըստ հրապարակման, կրակել է նաև երիտասարդ Անուշավան Առուշանյանի վրա, նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ «Սուրիկ Խաչատրյանի բանդայի» անդամները ռենտգեն կաբինետում կրակոցներ են արձակել: Հայցվորի ներկայացուցիչը չի վիճարկում բուն դեպքերի տեղի ունենալու-տեղի չունենալու հանգամանքը, պարզապես զրպարտություն է համարում, որ հղի կինը հայցվորի սիրուհին է եղել, որ Ս.Խաչատրյանը կրակել է կնոջ ու երիտասարդի վրա, որ Ս. Խաչատրյանը «ոճրագործ» ու «հանցագործ» է, ունի բանդա: Հայցվորի ներկայացուցիչը հայտարարեց նաև, որ հիշյալ երկու դեպքերով քրեական գործեր են հարուցված եղել ՀՀ պաշտպանության նախարարության և ոստիկանության քննչական մարմիններում, սակայն դրանք կասեցվել են, թե կարճվել, ինքը տեղյակ չէ: Նա հայտնեց, որ մտադիր է հանդես գալ դատարանում՝ հիշյալ քննչական մարմինների համապատասխան որոշումները պահանջելու միջնորդությամբ: Մ.Շուշանյանի հարցին, թե հայցվորը հրազենային վնասվածքների գործերով ունեցե՞լ է կասկածյալի կարգավիճակ, Մ.Զիլֆուղարյանը հայտարարեց, որ գործով կարող են լինել հարյուրավոր կասկածյալներ, նաև քննությունը շեղելու համար կարող են տրվել այս կամ այն անձի անուններ, դա կարևոր չէ, կարևորը քննչական մարմինների ավարտական փաստաթղթերն են: Ի պատասխան դատարանի հարցին` հայցվորի ներկայացուցիչը նշեց, որ հոդվածի մասին իր վստահորդն անմիջապես չի իմացել՝ օգոստոսի 14-ին հայցադիմում ներկայացնելուց 5 օր առաջ իր վստահորդը սրտի վիրահատություն էր տարել, այդ պատճառով իրեն չեն տեղեկացրել հոդվածի մասին: Ինչպե՞ս կարող է հիմնավորել ասվածը պատասխանողի հարցին ի պատասխան` Մ.Զիլֆուղարյանը նշեց. «Բնականաբար, վկաների ցուցմունքով»: Դատարանի առաջարկով` կողմերը գրավոր կձևակերպեն ապացուցման ենթակա հանգամանքների շրջանակը, միմյանց կփոխանցեն դրանք, որի արդյունքում կորոշվի ապացուցման ենթակա հանգամանքների վերջնական շրջանակը: Դատարանը կողմերին ժամանակ տրամադրեց մինչև նոյեմբերի 19-ը՝ հաջորդ նախնական դատական նիստը, այդ հարցում ընդհանուր հայտարարի գալու համար: — See more at: http://www.pastinfo.am/hy/node/25480#sthash.viStEjqR.dpuf