«Էս վերջերս շատ են դեպքերը, երբ մարդիկ գալիս են թույլտվություն ստանալու համար կոնկրետ այն տեղում, որտեղ ժամանակին եղել է այգի և հիմա էլ այգի է։ Բնականաբար և՛ ես, և՛ պարոն Մեսչյանը, առանց քննարկման, ասում ենք՝ ոչ և վե՛րջ։ Բայց դա իր սեփականությունն է։ Մեծ հարց է՝ ինչպես է դա դարձել իր սեփականությունը։ Մենք հավաքում ենք ամբողջ փաթեթը և ուղարկում ենք դատախազություն, և նման գործերը շատ-շատ են»,- այսօր ավագանու նիստի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
Մարությանը հույս հայտնեց, որ գործերը կբացահայտվեն, և հողերը կվերադարձվեն համայնքին:
Նա նշեց, որ իրենք երբեմն տնտեսավարող սուբյեկտին համարժեք այլ տարածք են առաջարկում, բայց երկար փնտրելուց հետո հասկանում են, որ համարժեք տարածք չեն գտնում։
Քաղաքապետը նշեց, որ պատճառը նախկին իշխանությունների ապօրինություններն են, ովքեր համայնքի հողերը մեջ-մեջ են արել։