տուն Հասարակություն Նախկին գրագողները չե՞ն պատժվի. ԲՈԿ-ը առաջարկներ է ներկայացրել

Նախկին գրագողները չե՞ն պատժվի. ԲՈԿ-ը առաջարկներ է ներկայացրել

451
0

Օրեր առաջ մամուլը գրեց, որ Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը պրոֆեսորական կոչումը կեղծիքով է ստացել, չնայած ԵՊԲՀ-ի խոսնակ Շուշան Դանիելյանը հերքել էր այդ տեղեկությունը: Այսօր էլ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մի խումբ ուսանողներ դարձյալ բողոքել են ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գալոյանի դեմ եւ հիշեցրել՝ նրա գիտական այլ աշխատանքներն արտագրված են:

Արտագրված գիտական ատենախոսության,  գրագրողության մասին գիտնականներից ոմանք հաճախ են բարձրաձայնում:

Araratnews.am-ը բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի տեղակալ Լիլիթ Մկրտչյանին մի քանի հարց ուղղեց խնդրի մասին:

Տիկի՛ն Մկրտչյան, որեւէ մեկի ատենախոսությունը հիմա ԲՈԿ-ն ուսումնասիրո՞ւմ է, թե՞ սպասում եք վարչապետի հրահանգին:

ԲՈԿ-ը չունի լիազորություն, որ անդրադառնա շնորհված գիտական կոչումներին: Եթե որակավորման գործընթացն ավարտվել է, կոչումը շնորհվել է, դա դուրս է ԲՈԿ-ի իրավասությունից: Ինչ վերաբերում է ատենախոսությունները ստուգելու ձեր հարցին, այս պահին որեւէ մեկի ատենախոսությունը ստուգելու գործընթաց չկա: Չունենք որեւէ հանձնարարական որեւէ վերադասից:

Քանի որ վարչապետի հանձնարարականից հետո պետք է ստուգել յուրաքանչյուրի ատենախոսությունը, ԲՈԿ-ը չի՞ ցանկանում նախաձեռնություն դրսեւորել. դիմել վարչապետին, որ նա թույլ տա ստուգելու բոլորի ատենախոսությունը:

Մենք համակարգային փոփոխությունների կողմնակից ենք: Վերահսկման մեխանիզմները պետք է հստակ աշխատեն, որ հատուկ հանձնարարականների կարիք չունենանք: Մեր առաջարկները վերաբերում են աստիճանակարգերի եւ կոչումների շնորհման կարգերին եւ դրանց առնչվող օրենսդրական ակտերին: Առայժմ աշխատում ենք իրավական դաշտում փոփոխությունների համար:

Կարո՞ղ ենք ենթադրել, որ իրավական այդ փոփոխություններից հետո մինչ այս պաշտպանված ատենախոսություններին անդրադարձ չի լինելու:

Դժվարանում եմ ասել, քանի որ դեռ քննարկվում են մեր առաջարկները, հիմնական դրույթները: Առայժմ փորձում ենք ունենալ իրավական այնպիսի դաշտ, որը հնարավորություն կտա գոնե ապագայում այսպիսի խնդիրների առաջ չկանգնել:

Իսկ ըստ Ձեզ՝ մինչ օրս գրված ատենախոսություններին անդրադարձ պետք է արվե՞ն, թե՞ ոչ:

Շատ սուբյեկտիվ կլինի կարծիքս, բայց արդարության վերականգնումը բոլոր ժամանակների համար պետք է արդիական լինի:

ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանն ասել է՝ եթե ԲՈԿ-ը խիստ մոտեցում դրսեւորի, Հայաստանում գուցե մնան իսկական քիչ գիտնականներ ու չարտագրված ատենախոսություններ: Գուցե սա՞ է պատճառը, որ ԲՈԿ-ը քայլեր չի ձեռնարկում:

Իրականում խնդիրն ավելի խորն է, մասշտաբները՝ լայն: Խնդիրն այն է, որ նախկինում կարգերի, պահանջների տեղեկացվածության հարց կար բակալավրից մինչեւ ասպիրանտական կրթություն: Ուսանողին պետք է առաջինը ծանուցել էթիկայի նորմերը, որ նա իմանա՝ ինչպես կազմակերպել գիտական ուսումնառությունը, որ հետագայում խնդիրներ չլինեն:

Սոնա Դավթյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here