Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը երեկ հայտարարել է «Ազատ հասարակության հիմնադրամ» ստեղծելու մասին: Հիմնադրամի նպատակն է օգնել մեր երկրում ազատ մտածողության, ազատ քաղաքացու, ազատ խոսքի և մեր արժեքային համակարգի հետագա ամրապնդմանն ու համահունչ զարգացմանը:
Araratnews.am-ը զրուցեց իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանի հետ՝ Միքայել Մինասյանի այս նախաձեռնության մասին:
Պարո՛ն Բոշյան, ինչպե՞ս եք վերաբերվում Մինասյանի «Ազատ հասարակության հիմնադրամ» ստեղծելու հայտարարությանը:
Լավ կլիներ, որ այդ անձնավորությունը գար Հայաստան եւ պատասխաներ որոշ հարցերի, որոնք կան հասարակության եւ իրավապահների մեջ, նոր նման կազմակերպություն բացեր: Որքան հասկանում եմ, այդ կազմակերպությունը գրանցվելու է Հայաստանում:
Հնարավո՞ր է՝ Միքայել Մինասյանն այս հիմնադրամի շնորհիվ համակիրներ է հավաքում, պատրաստվում խորհրդարանական ընտրություններին:
Եթե պարոն Մինասյանը կարողանա 10 համախոհ հավաքել, ինչին ես կասկածում եմ, կարող է հայտ ներկայացնել քաղաքական դաշտում:
Ի՞նչ զգացողություն ունեցաք, երբ իմացաք՝ Սերժ Սարգսյանի փեսան, նախկին ռեժիմի հետ ասոցացվողը հիմնադրամը նման անունով է կոչում՝ ազատ հասարակություն, խոսում ազատ արժեքներից:
Եթե պարոն Մինասյանն ունի քաղաքական հավակնություն, պետք է ներկայանա ՀՀ, անձամբ գրանցի իր հիմնադրամը: Կարծում եմ՝ սա է ճանապարհը, որը կցանկանայինք տեսնել:
Իշխանությանը չի՞ անհանգստացնում Մինասյանի այս հայտարարությունը, ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու նրա ցանկությունը:
Նախկին իշխանությունը փորձել է, փորձում է եւ ապագայում փորձելու է գործընթացներն իրենց նախընտրած ուղի տեղափոխել, բայց մենք ականատես կլինենք ժողովրդի համարժեք արձագանքին, եւս մեկ անգամ կհաստատենք՝ նախկինների էջը փակված է: Նախկին իշխանության ներկայացուցիչները պետք է հասկանան՝ մանիպուլյացիաներով, ոչ թափանցիկ գործունեությամբ հնարավոր չէ խոսել մեր ժողովրդի հետ: Մեր ժողովրդի հետ խոսելու մեկ ճանապարհ կա՝ դա բաց խոսակցությունն է: Ինչ-որ հիմնադրամներ, տարբեր ֆորմատներ ստեղծելը վկայում են, որ նախկին իշխանությունը չի փոխում իր բովանդակությունը:
Դուք ասում եք, որ այս հիմնադրամը նախկին իշխանության ներկայացուցչի համար ցանկալի արդյունք չի տա, բայց եթե հիմնադրամը պատրաստ է աջակցել մշակույթի, նորարարության, հասարակական և հոգևոր առաջընթացի ցանկացած անհատական թռիչքին, չի՞ նշանակում՝ Մինասյանը ցանկանում է հանրության «ուղեղներին» իր շուրջը համախմբել:
Եթե նպատակներն ազնիվ են, ցանկություն կա աջակցել տարբեր ֆորմատներով՝ արվեստին, մշակույթին եւ այլ ուղղություններով, ես խնդիր չեմ տեսնում: Բայց եթե նման գործողություններն ունեն այլ ենթատեքստ, իրական բովանդակությունից եւ օրակարգից շեղվում են արհեստական օրակարգ, հանրության կողմից կստանան համարժեք պատասխան:
Հիմա Մինասյանի հիմնադրամի նպատակն արհեստակա՞ն օրակարգ է:
Հիմա չեմ կարող ասել: Մենք դա կհասկանանք հիմնադրամի գործողություններից:
Սոնա Դավթյան