տուն Հասարակություն Իրավական Նախկինները՝ «շերիֆների» ինստիտուտի մասին

Նախկինները՝ «շերիֆների» ինստիտուտի մասին

235
0

Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը հայտարարել է, որ հաջորդ տարի կներդրվի պարեկային ծառայություն, որն ըստ էության փոխարինելու է ճանապարհային ոստիկանությանը։ Խոսքը «շերիֆների» ինստիտուտի մասին է, որը գործում է Արևմուտքում:

Araratnews.am-ը ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին հարցրեց՝ ի՞նչ կարծիք ունի այս փոփոխության մասին: «Դրանք դեռ խոսակցություններն են, որոնք բոլոր ժամանակներում եղել են: Կան երկրներ, որտեղ այդ պրակտիկան կիրառել են, թող ուսումնասիրեն: Վրաստանը կողքներս է, թող դրա փորձն ուսումնասիրեն»,- ասաց պարոն Սարգսյանը:

Ալիկ Սարգսյանը տեղյակ չէ՝ ինչ գումարներով է համակարգը արվելու, ինչպես են դա անելու: «Եթե ուղղակի թղթի վրա պիտի լինի «շերիֆների» ինստիտուտը, մի քանի հոգի էլ ման գան փողոցներում՝ իրենց պարտավորությունը չգիտակցելով, ոչ մի արդյունք չի տա: Դա լուրջ փոփոխություն է: Եթե անունը բարեփոխում է, պետք է համապատասխան ֆինանսավորում լինի, որ համակարգը նպատակին ծառայի»,- մանրամասնեց նախկին ոստիկանապետը:

Ոստիկանության նախկին աշխատակիցներից մեկն էլ (անուն-ազգանունը նրա խնդրանքով չենք հրապարակում), դրական է վերաբերվում եւ հիշեցնում՝ երբ ներքին գործերի նախարարությունը դարձավ ոստիկանություն, այն ժամանակ էին խոսում «շերիֆների» ինստիտուտը ներդնելու մասին՝ միջազգային կառույցների պահանջով: «Թե ինչ արդյունավետությամբ կաշխատի համակարգը, պրակտիկայում կերեւա: Կարծում եմ՝ կարդարացնի իրեն այդ համակարգը»,- ասաց նա:

Ոստիկանության նախկին աշխատակիցը, սակայն, կարծում է՝ նոր ինստիտուտի ներդրումից հետո պետք է «շերիֆները» բարձր վարձատրվեն, քանի որ պարտականություններն էլ են ավելանալու:

Ինչ վերաբերում է այն մտահոգությանը, թե քաղաքացիները միշտ չեն կատարում ոստիկանի պահանջը գողական մտածողության պատճառով, հետևաբար՝ գուցե ոստիկան-քաղաքացի բախումները շատ լինեն, նախկին աշխատակիցն առաջարկում է օրենքում փոփոխություն անել՝ վիրավորանքը, հայհոյանքները քրեականացնել, որ հայ «շերիֆը» կարողանա համապատասխան քայլեր ձեռնարկել իրեն հայհոյող, վիրավորող քաղաքացիների դեմ:

Փաստաբանները եւս տեղյակ չէին այդ փոփոխությունից, քանի որ հստակ որեւէ նախագիծ չկա, հետևաբար՝ դժվարացան կարծիք հայտնել:

Սոնա Դավթյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here