տուն Հասարակություն Իրավական Նախարարը դատի է տվել «Մասիս» ԲԿ-ի նախկին տնօրենին. գործը կքննի «չիշիկ...

Նախարարը դատի է տվել «Մասիս» ԲԿ-ի նախկին տնօրենին. գործը կքննի «չիշիկ խմող» խոսքի հեղինակ դատավորը

458
0

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դատի է տվել Մասիսի բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Նունե Ավանեսյանին: Նախարարը պահանջում է Նունե Ավանեսյանից հրապարակայնորեն զրպարտություն համարվող տեղեկությունները հերքել:

Արսեն Թորոսյանի հայցը դատարանը վարույթ է ընդունել: Գործը քննելու է դատավոր Սարգիս Երիցյանը՝ նախկին նախարար Սերգո Երիցյանի որդին, որին մակագրվել էր Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանի հայցն ընդդեմ Արսեն Թորոսյանի: Սույն գործով ըստ Արսեն Թորոսյանի փաստաբան Գեւորգ Գյոզալյանի՝ դատարանը, ի դեմս Սարգիս Երիցյանի, պատասխանող կողմին բավարար լծակներ չէր թողել, որ պաշտպանեն իրենց դիրքորոշումը հավասարության ու արդարության սկզբունքով։

Հիշեցնենք՝ Սարգիս Երիցյանն այն դատավորն է, որը «Ֆեյսբուքի» իր էջում հորդորել էր իր գործընկերներին «չիշիկ» խմել, երբ վարչապետի հրահանգով քաղաքացիները փակել էին դատարանի դռները: Դատավորի այս գրառումից հետո քննարկումներ սկսվեցին, որից հետո նա ջնջեց գրառումը:

Araratnews.am-ը Արսեն Թորոսյանի փաստաբան Դավիթ Հունանյանին հարցրեց՝ արդյոք պատահական է, որ Արսեն Թորոսյանին առնչվող հերթական դատական գործը մակագրվել է դատավոր Սարգիս Երիցյանին: «Հուսամ, որ պարոն Թորոսյանին առնչվող հերթական դատական գործը նորից դատավոր Սարգիս Երիցյանին մակագրվելը պատահականություն է»,- ասաց փաստաբանը:

Հնարավոր է՝ վերոնշյալ հայտարարությունը հաշվի առնելով, դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնեն: Փաստաբանի խոսքով՝ այս պահին չունեն մտադրություն՝ ներկայացնել դատավորին բացարկ հայտնելու միջնորդություն. ընթացքից պարզ կլինի:

Սոնա Դավթյան